Հայաստանի անկմանը զուգահեռ ՔՊ-ականները շարունակում են ժողովրդին սին հույսեր ներշնչել, թե իբր ոչ թե գլորվում ենք անհայտության գիրկն ու փոշիանում, այլ բարձրանում ենք վեր, մագլցում վերև՝ գրանցելով աննախադեպ տնտնեսական ձեռքբերումներ:

Այս անգամ էլ Պապոյան Գևորն է ոգևորվել ինչ-որ թվերից ու երկրորդելով Նիկոլի թիմում արաղի նկատամբ ամենաանկեղծ զգացմունքները տածող Քերոբյան Վահանի հայտնի ձեռագիրը՝ խզբզել. «Արտաքին առևտրաշրջանառություն՝ +44%
Ծառայություններ՝ +26,9%
Շինարարություն՝ +12,7%
Առևտուր՝ +10,7%
Արդյունաբերություն՝ +5,8%
Գյուղատնտեսությունը նվազել է՝ -5,5%»:

Ըստ Գևորի՝ 2022թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 11,8%-ով աճել է 2021-ի առաջին կիսամյակի համեմատ։ Գևորը էլի ինչ-որ թվեր է մեջբերել՝ հյութեղ թվեր ու ջանացել համոզել, որ հունիս ամիսը Հայաստանի տնտեսության համար բացառիկ ամիս է եղել:

Թե ինչ հիմքեր ունեն Գևորի հրապարակած գեղեցիկ թվերը, իհարկե, վերլուծության, անաչառ քննության առանձին հարց է, բայց հրապարակված ցուցանիշները բավական հետաքրքիր պատկեր են արձանագրում. ծաղկում են բոլոր ոլորտները՝ բացի գյուղատնտեսությունից: Ընդ որում՝ աճը, ինչպես կարելի է արձանագրել, հիմնականում գրանցվել է շինարարության ու ծառայությունների հաշվին՝ մի բան, որը վկայում է ոչ այնքան լավ բաների մասին:

Բայց ամենամտահոգիչը թերևս գյուղատնտեսության անկումն է: -5,5% մի ոլորտում, որը ապահովում է զբաղվածություն բնակչության 30-35%-ի համար: Բնակչության հնարավորինս լայն շերտերը կզգային տնտեսական աճի դրական հետևանքները թերևս միայն այն դեպքում, եթե դիցուք գյուղատնտեսությունը գոնե մի փոքր աճ գրանցեր, այլ ոչ թե անկում. այն բացասաբար է ազդում ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ, բնականաբար, գյուղաբնակ բնակչության կյանքի որակի վրա՝ նկատի ունենալով թեկուզ հենց գյուղմթերքի չարդարացված բարձր գները:

Իսկ թե ինչու է կոնկրետ գյուղոլորտը նման ողբերգական վիճակում, շատ մեծ հարցական է, բայց այն, որ նման անկումային վիճակը բարի լուր է հայ-թուրքական սահմանի մոտ լուսանկարված թուրքերի համար, կասկածից վեր է. եթե այս վիճակում բացվի հայ-թուրքական սահմանը, հայ գյուղացիներն ընտանիքներով ստիպված են լինելու արտագաղթել: Իսկ մի՞թե դա չէ թուրքական երկնագույն երազանքը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել