Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․«Հարգելի՛ քաղաքացիներ, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ ճանապարհահատվածներում, հատկապես՝ Երևան-Սևան ճանապարհահատվածում, իրականացնելու է ուժեղացված ծառայություն: 

Հորդորում եմ տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն: Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ:
Հարգելի՛ քաղաքացիներ, որպեսզի չխաթարվի օրվա տոնական տրամադրությունը, հորդորում եմ համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին:
Շնորհավորում եմ Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ և մաղթում անվտանգ երթևեկություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել