«Իրավունք» թերթը գրում է․«Ակնհայտ է, որ այսօր Արցախի անվտանգության միակ երաշխավորը ՌԴ-ն է: Ինչպե՞ս են արցախցիները պատկերացնում իրենց կյանքը համաձայնագրով սահմանված հինգ տարի լրանալուց հետո, եթե, իհարկե, ռուսների հեռանալը չերկարացվի: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի հետ, ով նախ նկատեց.
— 2020 թ.-ի 44-օրյա արհավիրքից հետո Արցախի Հանրապետության ժողովուրդը հայտնվեց, մեղմ ասած, մի իրավիճակում, երբ պիտի սովորեր ապրել իր հայրենիքում: Պիտի հասկանար եւ զգար, թե որքանով է ապահովված իր զավակի անվտանգ ապրելու իրավունքը Արցախում եւ, ի վերջո, ով այն պիտի երաշխավորի: Քանզի ԱՀ եւ ՀՀ իշխանությունները պարտվել էին եւ չէին կարող որպես երաշխավոր հանդես գալ: Շուտով երկու տարի կլինի, ինչ ռուս խաղաղապահը հայ զինվորի հետ կողք կողքի ապահովում է Արցախի Հանրապետությունից մնացած փոքրիկ պատառիկը: Եվս երեք տարի եւ ռուսական խաղաղապահ զորախմբի՝ Արցախի Հանրապետությունում տեղակայվելու հինգ տարին կլրանա: Այս մտքից այն կողմ անորոշ ու մշուշապատ է: Հենց դա է, որ մեզ ստիպում է, որպեսզի ինքնակազմակերպվենք, փորձենք բանակցային առարկայից վերածվել բանակցող կողմի եւ կարողանանք արցախանպաստ որոշումներ ընդունել: Ո՞վ է ասել, որ 2025թ.-ին անպայման ռուս խաղաղապահ զորախումբը պետք է դուրս գա Արցախից: Բայց, որպեսզի դա չլինի, պետք է այսօր ստեղծել այն բոլոր պայմանները, որպեսզի նրանք մնան այնքան, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնական լուծում չի ստացել:
— Տիկին Հակոբյան, հայաստանյան իշխանությունները հստակ հայտարարել են, որ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի գյուղերի բնակիչներն այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո պետք է հեռանան: Ի՞նչ են մտածում Արցախում: Որեւէ ելք, լուծում, միջոց տեսնո՞ւմ եք:
— 2021-ի նոյեմբերից արդեն իսկ գիտեինք, որ ինչ-որ ճանապարհ է կառուցվում, եւ այն որեւէ կապ չունի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ: Հայկական իշխանությունները լռում էին, իսկ Ալիեւը անդադար խոսում էր դրա մասին ու հայտարարում, որ այն կարճ ժամանակում շահագործման է հանձնվելու: Բազմաթիվ անգամ փորձել ենք ոչ հրապարակային ճշտել՝ խոսքն արդյոք թշնամու օկուպացրած տարածքներով անցնող ճանապարհի մասի՞ն է: Սակայն հայաստանյան իշխանությունները, իրենց որդեգրած ուղուց չշեղվելով, այս անգամ եւս խոսեցին այն ժամանակ, երբ ամեն բան ակնհայտ էր, կառուցվող ճանապարհն էլ եկել, հասել է մեզ: Այն, որ այլընտրանքային ճանապարհը մեր շահերից չի բխում, հստակ է: Ի դեպ, այն որեւէ առնչություն չունի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ: Այդ կետով հստակ ձեւակերպված է՝ նոր երթուղին պիտի անցնի Լաչինի միջանցքով, իսկ այդ դեպքում չի կարող քննարկվել Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնումը: Սակայն այն երթուղին, որը առաջարկվում է, դուրս է Լաչինի միջանցքից, այսինքն՝ անցնում է 5 կմ-ի սահմանը եւ չունի միջանցքի իրավական կարգավիճակ: Եվ այս պարագայում, երբ հայկական իշխանությունները հերթական պարտությունն են գրանցում, ոչ միայն Բերձորը, Աղավնոն ու Սուսն են հանձնում, այլեւ անվտանգային լուրջ խնդիր են առաջացնում մի պատառիկ մնացած Արցախի ու Արցախում բնակվողների համար: Ելք, լուծում միշտ կա, երբ կա բանակցող: Ցավոք, մենք զրկված ենք այդ ամենից, քանզի ադրբեջանական կողմի հետ «բանակցում» են Հայաստանի՝ պարտված եւ Ադրբեջանի շահերը սպասարկող իշխանությունները: Հակառակ դեպքում՝ պետք էր կասեցնել այս գործընթացը եւ պահանջել եռակողմ հայտարարության կետերի իրականացում, որոնք առ այսօր Ադրբեջանը բացահայտ խախտում է, իսկ հայկական իշխանությունները` լուռ հնազանդվում են:
— Տիկին Հակոբյան, ՀՀ-ն կարծես ձեռքերը լվացել է Արցախից, արցախցիներն էլ վստահեցնում են, որ ոչ մի գնով չեն պատրաստվում երկրի մնացած մասը զիջել թշնամուն: Ո՞ւմ հետ է կապում հույսերը այս պայքարում պաշտոնական Արցախը:
— 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՀՀ իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին Արցախից: ՀՀ վարչապետը իր հայտարարություններով, ինչպիսիք են՝ «անվտանգությունից պիտի բխի կարգավիճակը», «Արցախի հարցում մեր պահանջների նշաձողը պետք է իջեցնել», կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երկու տասնամյակից ավել ընթացած բանակցային գործընթացը խեղաթյուրում են: Միանձնյա որոշումների կայացումը Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, պետական ինստիտուտների կապի խզումը, ՀՀ եւ ԱՀ Ազգային ժողովների համագործակցության դադարեցումը մի բան կարող է փաստել, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից եւ այն օգտագործում են որ պես առեւտրի միջոց: Եվ այս դաժան իրավիճակում, որում հայտնվել է Արցախի ժողովուրդը, այլ բան չի մնում, քան հույսը դնել իր՝ ՀՀ-ում եւ Սփյուռքում Արցախի համար պայքարող մեր հայրենակիցների վրա: Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք դիվանագիտական հարաբերություններում գրավել մեր տեղը եւ իրականացնել հավասարակշռված արցախանպաստ քաղաքականություն: Իհարկե, այս ամենի հաջողության գրավականն է Պաշտպանության բանակի վերակազմավորումն ու հզորացումը: Արցախը եղել է, կա եւ մնալու է հայկական. սա այն է, ինչի շուրջ Արցախի Հանրապետության եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը համախմբված են: Արցախը հայի հայրենիքն է, եւ այն չենք զիջելու ո՛չ արտաքին, ո՛չ ներքին թշնամուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։