Aravot.am-ը գրում է.
Այսօր կառավարության առաջ բողոքի ցույց էր անում նաեւ անհայտ կորած զինծառայողի ծնող Գեւորգ Արաբաչյանը:
Ինչպես հաղորդում է Aravot.am-ը, նա եկել էր Իջեւանից, պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
Ասում է, որդին երկու տարի է` չկա, բայց մի օր պարզել է, որ նրան արդեն հուղարկավորել են: Ասում է՝ չի հավատում, որ իր որդուն են հուղարկավորել, նրան հասանելիք գումարն էլ իբր աներձագի անունով հատկացրել են:
«Նիկոլ Փաշինյանը պետք է ինձ հանդիպի, մեղավորներին բերի իմ առաջ կանգնեցնի: Հե՞շտ է, ասում են երեխադ հուղարկավորված է, ո՞ւր եք եկել այստեղ: Տասը դիակ են ցույց տալիս: Կոմպյուտերով նայում ենք, գրված է, որ Ազատամուտ գյուղում հուղարկավորված է, անգամ հետմահու մեդալ են ուղարկել, բայց ես չեմ վերցրել»:
Նրա խոսքով, կինը դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված է ստացել ու մահացել, անչափահաս երեխան մնացել է իր խնամքին:
«Գնում էինք դիահերձարաններ իմ երեխային ճանաչելու: Կանչել՝ ասել են՝ համընկնում կա, ինձ տասը դիակ են ցույց տվել՝ ամբողջական, կեսից կտրած, 15 տոկոս, ես ինչի՞ն հավատամ: Ասում են՝ ավտոն փոշիացել է, մեկ էլ ասում են` դիակը կա»:
Ասել է, որ, եթե այդպես արհամարհված մնա, իր քայլերն է անելու կառավարության գույքը շարքից հանելու է, նշել է նաև, որ ոստիկանների զգուշացումներից, որ կդատվի՝ չի վախենում:
«Ես պիտի արյուն թափեմ, ուրիշ տարբերակ չունեմ»,-ասել է անհետ կորած զինծառայողի հայրը:
Կառավարության նամակների բաժնից ասել են, որ դիմումը կփոխանցեն համապատասխան բաժին: