Psymag.am-ը գրում է.
Որևէ մասնագիտություն ընտրելիս` մենք ցանկանում ենք, որ այն համապատասխանի մեր խառնվածքին, ձանձրալի չլինի, չհակասի մեր աշխարհայացքին և կյանքի սկզբունքներին: Կան բազմաթիվ թեստեր, որոնք նախատեսված են մասնագիտական կողմնորոշման և ընտրության համար: Երբեմն հարց է առաջանում, թե որքանով է մասնագիտությունը ազդում տվյալ անձի խառնվածքի վրա:
Խառնվածքի գծերը ավելի կայուն են և կյանքի ընթացքում չեն փոխվում, քանի որ հոգեբանները նշում են դրանց գենետիկական պայմանավորվածությունը, իսկ բնավորությունը կարող է փոխվել միջավայրի ազդեցության, դաստիարակության, կյանքի պայմանների փոփոխության հետևանքով: Դրա համար պատահական չէ, որ ծույլ և խուլիգանի պիտակը կրող աշակերտը դառնում է հզոր ֆիրմայի ղեկավար կամ ոչնչով աչքի չընկնող երեխան հետագայում լավ կարիերա է ստեղծում: Սակայն խելացի ուսուցիչը գիտի, որ մեծահասակների մոտ փոփոխություններն ավելի դժվար են տեղի ունենում: Դրա համար պետք է խելացի գտնվել և երեխաների մոտ փոքր տարիքից դաստիարակել հետաքրքրասիրությունը, աշխատասիրությունը, կամքի ուժ, նպատակաուղղվածություն: Սակայն կյանքի ընթացքում բոլորն էլ փոխվում են, աշխատանքի են անցնում և ձեռք են բերում որոշ սովորույթներ: Եվ աստիճանաբար այդ սովորությունները սկսում են ազդել իրեց կյանքի և կենցաղի տարբեր ասպեկտների վրա:
Շատերի վրա խոր ազդեցություն են թողնում իրենց ուսուցիչները, որոնք կարողանում են հետաքրքիր ձևով մատուցել այդ առարկան և երեխան կողմնորոշվում է հենց այդ ուղղությամբ: Շատերը մասնագիտական ընտրություն են կատարում ծնողների ցանկությամբ, նրանց պահանջով: Կան ընտանիքներ, որտեղ մասնագիտությունները փոխանցվում են սերընդեսերունդ, իսկ ոմանք էլ իրենց կյանքում ապրած սթրեսից կամ ինչ-որ փոփոխությունից հետո ընտրում են կոնկրետ որևէ մասնագիտություն:
Մասնագիտություններն այստեղ կբաժանենք մի քանի խմբերի և կորոշենք, թե որը ինչ ազդեցություն է թողնում մարդու բնավորության վրա:
Անձի վրա ավելի ուժեղ ազդեցություն են թողնում այն մասնագիտությունները, որոնք կապված են արտակարգ և ոչ ստանդարտ իրավիճակների հետ (դատական, ոստիկանության, փաստաբանական, ռազմական ոլորտներ): Այնտեղ, որտեղ ստիպված ես լինում ամեն օր տեսնել կյանքի և մահու հարցեր, և երբեմն ինքդ ես վտանգի ենթարկում կյանքդ, ցանկացած անձի որակները նման մարդկանց համար ջրի պես պարզ և մատչելի են դառնում: Սա վերաբերում է դատական և օրինապահ մարմիններում աշխատողներին, որոնք ժամանակի ընթացքում կոփվում են և ավելի սառնասիրտ, անզգայունակ մարդու տպավորություն են թողնում: Սակայն տվյալ սառնության ձևավորումը միանգամայն տեղին է, քանի որ ամեն անգամ, բախվելով նման իրադրության, անձը պետք է պահպանի իր օբյեկտիվությունն ու զգոնությունը: Նրանք, ովքեր հանցագործություններ են բացահայտում, ժամանակի ընթացքում դառնում են ավելի ուշադիր մանրուքների հանդեպ: Արտաքին աշխարհից եկող ողջ տեղեկատվությունը նրանք վերլուծում և տեղավորում են իրենց հիշողության շերտերում և կիրառում հարկ եղած դեպքերում: Նրանց մոտ զարգանում է վերլուծական մտածողությունը և տրամաբանությունը: Սակայն նման մարդիկ դառնալով ավելի ուշադիր` սկսում են ենթագիտակցորեն կասկածել բոլորին, առիթ փնտրել բոլորի մեջ: Ժամանակի ընթացքում նրանք դառնում են ավելի զգույշ և սկսում են խուսափել շատերի հետ շփումից: Նրանց մենք խորհուրդ կտանք չհիասթափվել մարդկանցից, քանի որ, ցավոք, երբեմն մարդիկ ահավոր արաքներ են թույլ տալիս իրենց, բայց հենց նույն այդ մարդիկ նաև ունակ են լավ արարքների, անշահախնդիր օգնություն ցուցաբերելու: Ոչ մի դեպքում մի փակվեք մասնագիտական գործունեության շրջանակներում, քանի որ կյանքում կան և հարկավոր է գտնել այնպիսի մարդկանց, որոնք ցույց կտան մեզ աշխարհի դրական կողմերը:
Հոգեբանորեն ծանր մասնագիտությունների շարքին կարել է դասել նաև բժշկական ուղղվածությունը: Բժշկի մասնագիտությունը անձի մոտ ձևավորում է յուրահատուկ հուզականություն, որը հարկավոր է հեռացնել և տեղ տալ տրամաբանական մտածողությանը: Բժիշկները կյանքում և կենցաղում աչքի են ընկնում ցանկացած իրավիաճակում օգնելու պատրաստակամությամբ: Նրանց մոտ նաև ձևավորվում է շատերին նյարդայնացնող հիգենայի հանդեպ ծայրահեղ ուշադրությունը: Նրանք ձեռք են բերում արագ որոշումներ ընդունելու և արագ կողմնորոշվելու կարողություն:
Դասավանդումը նույնպես ազդում է բնավորության վրա: Երեխաների հետ շփման ժամանակ փորձում են ներթափանցել նրանց ներաշխարհը և հասկանալ այն, որը բերում է աշխարհայացքի փոփոխությանը: Ժամանակի ընթացքում այս մասնագիտության տեր անձինքն դառնում են ավելի դեսպոտիկ, նրանց մոտ փոխվում է խոսքի տեմբրը, տոնը, այն դառնում է ավելի հրամայողական: Ձևավորվում է իշխելու, սովորեցնելու, խրատներ տալու տենդենցիա, որը նրանք արդեն սկսում են բացի լսարաններից ու դասարաններից կիրառել նաև առօրյա կյանքում, հարազատների հետ շփման ընթացքում, որի հետևանքով ի հայտ են գալիս դժվարություններ շփման մեջ: Նրանք դառնում ավելի ներշնչող, մշտապես պնդում են սեփական հայացքներն ու տեսակետը: Սակայն նշեմ, որ ոչ բոլորն են այդպես. Դասավանդողների մյուս մասի մոտ ձևավորվում է խնամելու, բոլորին օգնելու հակում: Նրանք ավելի հեշտ են շփվում, դառնում են հաճելի զրուցակից:
Բնական գիտություններն ընտրած անձանց սովորաբար համարում են չոր, հուզականորեն կայուն մարդիկ: Սակայն նրանք փորձում են ժխտել այդ ստերիոտիպը: Ֆիզիկները պնդում են, որ բացի լրջությունից և կարգավորվածությունից նրանք ունեն նաև բավականին զարգացած հումորի զգացում: Եվ իրոք, ճշգրիտ մեխանիզմների հետ աշխատանքը չի ձևավորում ավելորդ խստություն, այլ նպաստում է այնպիսի դրական գծերի ձևավորմանը, ինչպես օրինակ ռացիոնալ մոտեցումն է ամեն ինչին նաև կենցաղային խնդիրների հադեպ: Այսպիսի մարդիկ ցանկացած իրավիճակ գնահատում են որպես օրինաչափության մասնավոր դեպք: Նրանք ունակ են գործընթացին նայել հեռացած, կողքից: Նրանք միշտ հաշվարկում են շրջապատողների քայլերն ու տարբեր իրադարձությունների հետևանքները: Դրա համար կարող եք տեխնիկից ավելի վերլուծված և խելացի խորհուրդ ստանալ: Ֆիզիկների բացասական գծերից է պեդանտությունը, բայց նրանցից շատերը օժտված են ծայրահեղ հակադարձ գծով, նրանք անտարբեր են մանրուքների հանդեպ, սովոր ընդհանրացնելու:
Մշակույթի հետ առնչվող անձինք լցվում են արտիստիկ ոճով, որը երբեմն կարող է դրսևորվել ծայրահեղ ձևով: Նրանք, ում դիրքորոշումը մարդկանց օգնելն է, շրջապատողներին ուրախությամբ լցնելը, դառնում են ավելի ինտելեկտուալ և կատարյալ: Էսթետիկան դառնում է նրանց կյանքի գոյության մի մասնիկը: Այն մարդիկ, որոնք ուսումնասիրում են այլոց մշակույթը, միշտ անկախ են իրենց կարծիքների մեջ, քանի որ դա է նոր հայտնագործությունների ուղին: Սակայն, նրանք առօրյա կյանքում կտրվում են իրականությունից և համարվում են ոչ պրակտիկ: Մշակութային աշխարհը այսօր կատարյալ չէ. Ոչ բոլորն են հոգով նվիրվում այդ աշխարհին, նրանց մեջ շատ են առևտրականները, որոնք մտածում են առուծախի մասին: Նրանց համար կարևորը ոչ թե ստեղծագործության գեղեցկությունն ու յուրօրինակությունն է, այլ թե ինչքան դա արժի: Շատ կան նաև քննադատներ, որոնք չեն հասցրել մշակույթի մեջ ինքնաարտահայտվել և քննադատում են, փորձում են գտնել ուրիշի թերությունները` թաքցնելով սեփական անկարողությունը: Եթե խոսքը դերասանների մասին է, ապա նրանք սկսում են բացի բեմից խաղալ նաև կյանքում:
Այսօր բավականին մեծ տարածում ունի նաև առքուվաճառքի ուղղվածությունը: Նրանց գործը ստիպում է կյանքում սովորել համոզելու արտահայտություններ նաև ձևավորվում է բոլորին դուր գալու ձգտումը, որը ավելի է դժվարացնում շփումը:
PR մասնագետները, եթե շատ են տարվում իրենց գործով, նկատելի փոխվում են: Նրանց մոտ բավականին բաձրանում է շփվողականության մակարդակը, ձևավորվում է ցանկացած լարված իրավիճակ հարթեցելու հմտություն: Ժամանակի ըթացքում սկում են նաև ավելի շատ լսել, քան խոսել, քանի որ միշտ հետաքրքրված են լսարանի կարծիքով: Նրանցից ոմանք էլ սկսում են հոգեբանական փորձություններ անցկացնել կենցաղում, մարդկանց վրա` իրենց մեթոդի արդյունավետությունը ստուգելու համար:
Գործուղումներն ու արշավները նույնպես ազդում են բնավորության որոշ գծերի ձևավորման վրա: Նրանք ովքեր ավելի հաճախ են գնում գործուղումների ավելի հանգիստ են հաղթահարում դժվարությունները, իսկ նրանցից ոմանք տանը ձգտում են ստեղծել ծայրահեղ հարմարավետություն` կոմպենսացնելով գործուղումների ժամանակ ապրած հարամարվետության պակասը:
Ում գործը կապված է էկոնոմիկայի և ֆինանսների հետ, ձևավորվում է բարձր արտահայտված պատասխանատվություն: Երբեմն նրանց էլ է դժվար ազատվել այնպիսի սովորություններից, ինչպիսիք են կյանքի պլանավորումը, կարգավորումը, հաշվարկներով ապրելը: Այսպիսի մոտեցումը դրական է դիտվում, եթե խոսքը ընտանեկան միջոցների տնտեսմանն է վերաբերում: Այս մասնագիտության տեր անձանց կյանքում պակասում է ռոմանտիկան, սպոնտանությունը:
Բնավորության վրա իր հետքն է թողնում ոչ միայն մասնագիտությունը, այլև` գրաված դիրքը:
Սովորաբար առանձնացնում են ղեկավարների առօրյա պահվածքի երկու տեսակ`
1. Շարունակում են նաև տանը ղեկավարել
2. Հոգնում են իրենց ամենօրյա պատասխանատվությունից և որոշումների ընդունումը փոխանցում են իրենց երկրորդ կեսին` մնալով ենթարկվողի դերում:
Չիրականացված մասնագիտական ամբիցիաները խոչընդոտում են շատերի կյանքը, քանի որ այդ էներգիան ավելի արդյունավետ օգտագործելու և հարազատներին օգնելու փոխարեն նրանք այն կուտակում են իրենց ներսում և երբեմն ունենում ուժեղ պոռթկումներ:
Չնայած ներկայացված բոլոր տեսական տվյալների` հարկավոր է չմոռանալ, որ ցանկացած անձ անհատականություն է, անկրկնելի, և մասնագիտական գործունեությունը կարող է նրանցից յուրաքանչյուրի վրա յուրովի ազդեցություն թողնել: