Հետաքրրքիր է, մեր քաղաքապետարանը որ նման երթերի թույլտվություն է տալիս, ինչի՞ մասին է մտածում, կամ արդյոք գիտակցո՞ւմ է, թե սա ինչ հետևանքներ պիտի ունենա իր ժողովրդի համար։
Այսօր ականատես եղա, թե ինչպես «Փուր Բհակտի Յոգա» հոգևոր-մշակութային կազմակերպության ներկայացուցիչները, իրենց ձեռքին ունենալով քաղաքապետարանի իբր այս թույլտվությունը` ընդ որում մեջտեղից պատռված, անցկացնում էին այսպես կոչված խաղաղ երթ։ Ի՞նչն էր այս երթի իրական նպատակը, և ովքեր են այս կազմակերպության ներկայացուցիչները։ Ինչպես տեսնում եք, նրանք երգում և պարում են փողոցում` հատուկ քայլերթ կատարելով հրապարակի շուրջ։ Դա Կրիշնայի գիտակցության ընկերության հետևորդների կողմից ընդունված մի ձև է այդ աղանդի քարոզչությունը` մարդկանց շրջանում տարածելու նպատակով։ Դրա հետ մեկտեղ նրանք բաժանում են թերթոններ, որտեղ անգլերեն գրված է իրենց կազմակերպության անունը, պարտադիր բանկային հաշվեհամարը, որին նրանք խնդրում են գումար փոխանցել բարեգործական նպատակների համար։


Սակայն նպատակները ուղղված են միմիայն այդ աղանդի հետագա զարգացմանը։ Ինչպես նաև թերթոնում նշված է, որ երջանիկ լինելու համար պետք է անդադար կրկնել «Խարե Կրիշնա» հատուկ մանտրան։ Եվ ինձ համար անհասկանալի է այս երևույթը խաղաղ երթ անվանելը, եթե սա ոչինչ է, քան քարոզչություն և հոգեորսություն։ Ընդ որում, ցավալին այն էր, որ այդ խմբի մեջ տեսա մի շատ լավ ինձ ծանոթ կին, ում մի քանի անգամ դիմելով նոր կարողացավ հասկանալ, թե ով եմ ես և որ իրեն եմ դիմում։ Իմ հորդորներին, թե ինչ գործ ունեք այ ամենի հետ, դուք ընդամենը ազդեցության տակ եք գտնվում, սա հային և քրիստոնյանին բնորոշ երևույթ չէ, նա և մյուս կինը, որ զարդարված էր հնդկական ոճով, ասացին, որ իրենք ազգություն չեն ճանաչում և հայ չեն և չեն էլ ուզում հայ լինել։ Իսկ խմբի ղեկավար Արսեն Հարությունյանին ուղղված հորդորներիս նա պատասխանեց, որ ինքը կռվել է այս ազգի համար և ուրեմն ազատ է իր բոլոր գործողությունների մեջ։


Եվ այսպիսի գաղափարախոսությամբ լցված անձնավորությունները երթ են իրականացնում և կոչ են անում մարդկանց հրաժարվել իրենց ազգությունից, հետևել այլ աստվածներին, գտնել երջանկությունը և տրամադրել գումարները այդ կազմակերպությանը և էքստատիկ տրանսի մեջ մոռանալ իրենց բոլոր խնդիրները։ Անգամ չզինված աչքով ակնհայտ է այս հետևորդների մոտ մտավոր խնդիրների առկայությունը։ Չեմ ուզում հավատալ, որ քաղաքապետարանի աշխատակիցները, կազմակերպության անունը կարդալով, իրենց հարց չեն տվել` իսկ ո՞րն է ձեր խաղաղ երթի նպատակը, ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու։ Իսկ եթե տվել են այդ հարցերը, ապա ավելի վատ, ուրեմն քաջ գիտակից են եղել, թե ինչ վտանգի մեջ են դնում մեր` առանց այն էլ քրիստոնեական աղանդների ձեռքն ընկած ազգը։


Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին` զգոն եղեք, խնդրում եմ, ձեր անտարբերությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ձեր իսկ երեխաների համար։ Երբ այդ կնոջ ձեռքից խլում էի թերթոնները, կողքիս բոլոր մարդիկ ասում էին, ապրես, աղջիկ ջան, այդպես է պետք, որ չտարածեն, բայց իրենք ոչինչ չէին անում։ Քայլում էի այս մարդկանց հետևից և զգուշացնում նրանց, ովքեր հետաքրքրված էին, որ մի գնացեք նրանց հետևից, նրանք աղանդ են։ Սակայն շատերը ուղղակի հետաքրքրությունից, ասում էին` մենք էլ հետները պարելով գնանք։ Գնացեք, բայց ո՞ւր, գնացեք, բայց իմացեք, որ պարելով դժոխք եք գնում։ 
Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում այդ աղանդը, կարող եք կարդալ ստորև բերված հոդվածում։

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել