Հիշեցնենք․ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով՝ գլխավոր դատախազը պաշտոնավարում է 6 տարի, եւ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին: Այս լուրերի ֆոնին լարվածություն է նկատվում գլխավոր դատախազի եւ նրա հիմնական մրցակցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի միջեւ: Վերջինս ընկալվում է որպես գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածու: Որքան մոտենում է սեպտեմբերը, այնքան ավելի են սրվում հարաբերություններն Արթուր Դավթյանի եւ Սասուն Խաչատրյանի միջեւ, նրանք զերծ չեն մնում նույնիսկ հրապարակային վեճերից: Աղմկոտ գործերով հակասություները ծագում են Վլադիմիր Գասպարյանի, Արշակ Հակոբյանի, Աղվան Հովսեփյանի, Հովիկ Աբրահամյանի գործերով:
Մի քանի օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Գլխավոր դատախազությունը վարույթից հեռացրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով քննչական խմբի ղեկավարին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցին։ Վլադիմիր Գասպարյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Վովայի Արշակը՝ փողերի լվացման եւ պաշտոնեական կեղծիքի:
Դատախազությունից բացատրել էին, որ դեռեւս հունվարին այս գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, երկու անգամ քննչական խմբի ղեկավարն առարկել է, վերադաս դատախազը երկու անգամ մերժել է այդ առարկությունները, եւ, ի վերջո, կայացվել է քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին որոշում: Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտարարեց, որ մտահոգված է «վերացական ձեւակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու՝ դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»:
Փետրվարին երկու գերատեսչությունների միջեւ հրապարակային վեճ ծագեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի՝ Ազատության պողոտայում գտնվող առանձնատան վաճառքի թեմայով: Այն պաշտոնեական դիրքի չարաշահման գործով ճանաչվել էր իրեղեն ապացույց: 2022թ. փետրվարի 3-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել էր վերացնել Արգամ Աբրահամյանի իրավունքների սահմանափակումը, եւ առանց որոշման բողոքարկման ժամկետի ավարտին սպասելու, Հակակոռուպցիոն կոմիտեն Կադաստրի կոմիտեին հանձնարարական էր տվել՝ վերացնել առանձնատան հետ կապված սահմանափակումները, եւ արագորեն առանձնատան վաճառք էին ձեւակերպել։
Դատախազությունը, պատասխանելով ԶԼՄ-ներին, Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների այս պահվածքը որակեց որպես «խիստ տարօրինակ»: Քննիչը վարույթից հեռացվեց, ԱԱԾ-ում նրա դեմ քրեական գործ հարուցվեց: Որոշակի անհամաձայնություններ են եղել, եթե կարելի է այդպես ասել, նաեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով, որը հարուցված է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման եւ այլ չարաշահումների դեպքերի առթիվ: Այն դատախազություն ստուգման էր ուղարկվել 2021թ. դեկտեմբերի 13-ին եւ գրավոր ցուցումներով հետ է ուղարկվել քննիչին: Արդյունքում Հովսեփյանի մեղադրանքի ծավալն ավելացել է, եւ ապրիլի կեսերին գործն ուղարկվել է դատարան:
Այս դեպքերն ինչի՞ մասին են խոսում՝ կա՞ արդյոք գլխավոր դատախազի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջեւ լարվածություն, եւ կարո՞ղ է դա բացատրվել գլխավոր դատախազի պաշտոնի համար մրցակցությամբ: Մեր հարցադրումներին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Դատախազության կողմից որեւէ լարվածություն չկա ու չի կարող լինել: Այստեղ անձնական հարցեր չեն, այլ՝ քրեադատավարական ընթացակարգերի շրջանակներում հսկողություն իրականացնող դատախազի եւ քննիչի կողմից իրենց լիազորությունների իրացման հետ կապված խնդիրներ: Հարցն էլ մեր կողմից միայն այդ դաշտում է դիտարկվում: Հսկող դատախազը համարել է, որ կոնկրետ գործով մեղադրանքներն այնքան հիմնավորված չեն, որ մեղադրական եզրակացությունը հաստատի եւ ուղարկի դատարան, քանի որ դրանից հետո բացառապես մեղադրող դատախազն է լինելու մեղադրանքի հիմնավորվածության լիարժեք պատասխանատուն: Եվ, ինչպես տասնյակ այլ դեպքերում, ընդ որում՝ կապ չունի՝ որ քննչական մարմնի հետ կապված, որովհետեւ տվյալ դեպքում սա ոչ մի նշանակություն չունի, նման որոշումներ նաեւ այլ քննչական մարմիններում քննվող գործերով են կայացվում, այս դեպքում լրացուցիչ քննություն կատարելու ցուցումով ետ է ուղարկել: Դատախազի կողմից իր դատավարական իրավասության իրացումը որեւէ պարագայում չի կարող ընկալվել որպես պետական մարմինների ղեկավարների միջեւ ինչ-որ լարվածության ցուցիչ: Դատախազությունը, ի տարբերություն շատերի, նման տեսանկյունից խնդրի անձնավորման, առանձին վերցրած գործերով դիրքորոշումը պետական ամբողջ մարմնին որակումներ տալու առիթ դարձնելու մակարդակից շատ բարձր է: Ու շարունակելու է այդպես լինել՝ որեւէ նշանակություն չունի, ընդ որում, գլխավոր դատախազը երկրորդ ժամկետ կպաշտոնավարի՞, թե՞ ոչ»:
Ըստ Գոռ Աբրահամյանի, միայն 2021թ. ընթացքում դատախազների կողմից քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացվել է հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող 692 անձ: «Քննիչին հեռացնելու ներգործության միջոցը կիրառվել ու կիրառվում է, ու դա էլ քրեադատավարական ընթացակարգերի անքակտելի մաս է»,- ասում է նա:
Այնուամենայնիվ, 692 անձի քննություններից հեռացնելը նշանակում է, որ դրանց հետ կապված խնդիրները քիչ չեն: Բայց Սասուն Խաչատրյանի «մտահոգությունները» հիմնականում վերաբերում են աղմկոտ գործերին, որոնց նկատմամբ Փաշինյանն ունի հատուկ շահագրգռություն: Սասուն Խաչատրյանը շտապում է այդ գործերով արդյունք ցույց տալ եւ արագ ուղարկել դատարան: Սակայն Հակակոռուպցիոնի քննիչների մակարդակը, ինչպես տեսնում ենք, բավարար չէ նման բարդ գործեր քննելու համար: Կիսատ-պռատ քննված, սխալ որակումներով մեղադրականների թերությունները տեսանելի են դառնում դատարաններում, իսկ գործի տապալումը մնում է դատախազի վրա։ Ուստի ստացվում է, որ Սասուն Խաչատրյանը «աչոկ է հավաքում» Արթուր Դավթյանի հաշվին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել