Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՅԴ-ում հունիսի 1-ին Իշխան Սաղաթելյանը հանդիպել է մոտ 2 տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ եւ քննարկել համատեղ ճակատի ձեւավորման ու ԱԺ արտահերթ նիստի հայտարարության հարցը։ Մասնակցել է նաեւ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Մենք զրուցել ենք նրա հետ:

- Պարոն Հայրիկյան, հունիսի 1-ին Դուք եւս մասնակցել եք ՀՅԴ գրասենյակում կազմակերպված արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը: Ի՞նչ քննարկեցիք, ի՞նչ տպավորություններ ունեք հանդիպումից:

- Նշված էր, թե մենք հանդիպման գնացինք Իշխան Սաղաթելյանի հետ, մինչդեռ այդպես չէ: Այնտեղ ավելի շատ ելույթ ունեցավ Արմեն Ռուստամյանը, իսկ ինձ հանդիպմանը հրավիրել էր Արծվիկ Մինասյանը: Ես չէի գնացել Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպման:

- Անձերին եկեք մի կողմ դնենք: Հանդիպումը, ամեն դեպքում, ՀՅԴ-ն էր կազմակերպել:

- Այո, բայց գրվել էր, թե Հայրիկյանն Իշխան Սաղաթելյանի հետ գնաց հանդիպման: Հայրիկյանը կարող է նաեւ մանկապարտեզի սաների հետ գնալ հանդիպման, հարցը դա չէ, սակայն ճշմարտությունն այն է, որ ես գնացել էի քննարկման:

- Ի՞նչ քննարկում էր:

- Առանցքում իրենց հայտարարությունն էր եւ հենց այդ հայտարարության վերաբերյալ մեր վերաբերմունքը, որին մենք նախապես ծանոթացել էինք` քննարկմանը մասնակցելու համար: Այնտեղ հնչեց առաջարկություն, որ եկեք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների դրսեւորումների նկատմամբ վերաբերմունք հայտնենք: Այսինքն` խորհրդարանական ընդդիմադիրները կարեւորում են, իրենց պատկերացմամբ, ազգային կարեւորություն ունեցող հարցերն Ազգային ժողովում քննարկելը, իսկ Սահմանադրության արատավորության հետեւանքով, միահեծանություն ունեցող իշխանական ուժը տապալում է երկիրն ու հպարտությամբ բարձրաձայնում այդ մասին: Այդ առիթով էլ քննարկեցինք եւ արագ համաձայնության եկանք, որ իշխանության նման կեցվածքը դատապարտում ենք միանշանակ: Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, եւ նրա գլխավոր առաքելությունն ազգային կարեւորություն ունեցող հարցերի քննարկումն է, ազգային կարեւորություն ունեցող հարցերն էլ որոշողը ոչ թե իշխանությունն է կամ ընդդիմությունը, այլ՝ հասարակությունը: Պառլամենտական ամենամեծ ուժը չպետք է տագնապեր, որ այդ հարցը բերում են խորհրդարան քննարկելու: Անդրադարձանք նաեւ այլ ծրագրերի: Ես ԱԻՄ-ի անունից ասացի, որ ողջունում եմ գաղափարը, մյուսներն էլ զորակցեցին, քաջալերեցին: Նախաձեռնությունն իրենցն է: Եղավ առաջարկ, որ միասնաբար պետք է ներկայանանք նույն հարթակում, իսկ ես ասացի, որ միասնաբար ներկայանալու անհրաժեշտությունը կողջունենք, երբ կքննարկվեն ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես` Սահմանադրության հարցը: Բաժանվեցինք բարեկամաբար՝ հետագայում հանդիպելու ցանկությամբ:

- Իսկ չե՞ք ցանկանում միանալ փողոցային պայքարին:

- Չեմ մասնակցում այդ պայքարին, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ռազմավարական խնդիրների նկատմամբ չկա բավարար հետեւողականություն: Նկատի ունեմ` Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումները՝ իրավիճակի բնութագրման հարցում։ Սակայն որոշակի դրական փոփոխություններ եղան, նախկինում նոյեմբերի 9-ի համաձայնագիրն իրենց համար անբեկանելի էր, քանի որ Վլադիմիր Պուտինն էր ստորագրել, հիմա ասում են, որ ամեն ինչ կարող է փոփոխության ենթարկվել եւ այլն, եւ այլն.... Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանի հետ Սահմանադրության հետ կապված հարցերում ընդհանուր հայտարարի գանք, առանձին այդ հարցը պատրաստ ենք քննարկել: Կարեւորը ժողովրդավարությունն է մեզ համար:

- Խոսում եք խորհրդարանական ընդդիմության արտաքին քաղաքական պատկերացումներից, կարծես, ակնարկում եք, որ նրանք ավելի շատ ռուսական ուղղվածություն ունեն, գուցե դա՞ է պատճառը, որ նրանց չեք միանում:

- Այո, նաեւ դա է, սակայն էականը դա չէ, ինձ համար կարեւորը Հայաստանում ժողովրդավարության հաստատումն է: Ես գտել եմ դրա լուծումը: Բոլոր նրանք, ովքեր այդ լուծումը չեն ցանկանում տեսնել, արդեն տասը տարի է՝ իրենց խուլ ու համրի տեղ են դրել, նրանք բոլորը կասկածելի են:

- Իսկ ո՞րն է Ձեր առաջարկած լուծումը:

- Մեր առաջարկած Սահմանադրության նախագիծը, կամ անգամ այդ նախագիծը կարող ենք մի կողմ թողնել եւ խոսել բացարձակ ժողովրդավարության սկզբունքների հիման վրա կառուցված Սահմանադրության հայեցակարգերից: Ո՞նց կարող է լինել բացարձակ բռնապետություն եւ չհավատալ ժողովրդավարությանը: Սա Հայաստանի համար մեծ քաղաքակրթական ներդրում կլիներ, տասը տարի է՝ ասում եմ, բայց մի կողմ են դնում այդ հարցը, քանի որ իրենց ժողովրդի ճակատագիրը չի հետաքրքրում, իրենց միայն հետաքրքրում է` ինչպես ստանալ աթոռ եւ պահել այդ աթոռը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծել, ու մի քանի ամիս է՝ քննարկվում է, թե ինչպես պետք է աշխատեն: Նիկոլն այդ հարցում ջախջախված է, ինքնաոչնչացված: 2020 թվականի փետրվարի 12-ին հստակ ժամկետ էր նշանակված, եւ ինքն աշխարհով մեկ հայտարարեց, որ ինքը քաղաքական իմպոտենտ է: Ցանկանում է մի բան` չի կարողանում անել, փոխում է ժամկետը` էլի չի կարողանում անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել