Երեկ մենք փորձեցինք նրան այս թեմայով մի քանի հարց ուղղել, սակայն Սասուն Խաչատրյանը տիեզերք թռած հայկական արբանյակի արագությամբ սկսեց փախչել լրագրողներից։ «Գրավոր հարց ուղարկեք՝ կպատասխանենք»,- փախուստի պահին հասցրեց նետել նա։ Իսկ մենք նրան մի քանի կոնկրետ հարց ունեինք։ Օրինակ՝ ինչպե՞ս է նա 2017 թվականին վերադարձել դատախազություն։ Արդյոք խնդի՞ր ունի իրեն համակարգ վերադարձրած Արթուր Դավթյանի հետ։ Խաչատրյանը չպատասխանեց հարցին, սակայն դատախազության մեր աղբյուրները պատմեցին, որ երբ 2016 թվականին Սասուն Խաչատրյանը հեռացվել էր դատախազությունից, Արթուր Դավթյանի՝ գլխավոր դատախազ դառնալուց հետո նորից վերադարձվեց համակարգ, քանի որ Դավթյանին անձամբ էր խնդրել, որ նորից վերադառնա դատախազություն։ Այն ժամանակ Դավթյանն ու Խաչատրյանը մտերիմ հարաբերություններ ունեին, եւ Դավթյանը չի մերժել։ Հետո, երբ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՔԾ ղեկավար, հետագայում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, նրանց հարաբերությունները սկսել են տարբեր պատճառներով լարվել։ Իհարկե, երկուսն էլ ծառայում են մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանին, ու կատարում են նրա հրահանգները, բայց ամեն մեկը յուրովի է մատուցում իր ծառայությունները եւ խանդում է մյուս մատուցողներին։ Նման կառույցների ղեկավարներն իրար տակ են փորում եւ իրար դեմ կոմպրոմատներ հավաքում ու հրամցնում իրենց շեֆին։
Սասուն Խաչատրյանը, օրինակ, տարբեր անձանց հետ է մտերմություն անում, այդ կապերն օգտագործում ոչ միայն կոմիտեն կառավարելիս, այլեւ դատախազության դիրքերը թուլացնելու համար, եւ աղմկահարույց քրեական գործերով էլ բացառապես վերադասին հաճոյանալու գիծն է բռնել։ Մասնավորապես, մեզ ասացին, որ Խաչատրյանը հատկապես մտերիմ է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի հետ, որին էլ ԲԴԽ-ում իր հարազատ եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի միջոցով, մակարգրել է տալիս այն քրեական գործերը, որոնք քաղաքական երանգ ունեն, եւ հստակ պատվերներ է իջեցնում։ Օրինակ՝ Բիշարյանին է մակագրվել զոհված զինծառայողների ծնողների բողոքի հիման վրա Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործը, որը, բնականաբար, կջրվի։ Խաչատրյանն այս ամենն անում է, իհարկե, Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար, քանզի աչք ունի գլխավոր դատախազի աթոռի վրա։ Սեպտեմբերին լրանում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, ու հիմա թեժ պայքար է ընթանում, թե ով պետք է լինի իշխանությունների սրտի դատախազը, եւ գլխավոր չափանիշը Փաշինյանի չսիրած անձանց բռնել-դատելն է, սիրելիներին՝ փորձանքներից հեռու պահելը։ Մեզ ասացին, որ թեկնածուի հարցում դեռ հստակ որոշում չկա։ Իմանալով Նիկոլ Փաշինյանին՝ կարող ենք ասել, որ նա որոշումը հնարավորինս կձգի, որ թեկնածուները երկար իրար միս ուտեն եւ իր պատվերները կատարեն։
Ի դեպ, Կարեն Բիշարյանի հետ Սասուն Խաչատրյանը մտերմություն է անում դեռ այն ժամանակվանից, երբ Բիշարյանը դատախազությունում էր, իսկ Խաչատրյանը ՀՔԾ ղեկավարն էր։ Այդ շրջանում շատերն էին նկատել, որ Բիշարյանն իր 074 GG 01 դատախազական պետհամարանիշով BMW մակնիշի մեքենայով հաճախակի այցելում է Վաղարշյան փողոցում գտնվող Հատուկ քննչական ծառայության շենք՝ Սասուն Խաչատրյանին, եւ զեկուցում դատախազության հսկողության ներքո գտնվող քրեական գործերի մասին։ Ըստ համակարգում շրջանառվող տեղեկությունների, նման «գործառույթ» ստանձնել է նաեւ դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որը եւս շատ մտերիմ է Սասուն Խաչատրյանի հետ։
Նշենք, որ օրենքով չի թույլատրվում, որ դատախազական եւ նախաքննական մարմինների ներկայացուցիչները նման կապերի մեջ գտնվեն, իսկ դատավորներն առավել կաշկանդված են բարեվարքության կանոններով։
Եվ երբ երեկ մենք հարցրինք Սասուն Խաչատրյանին, թե ինչ հարաբերություններ ունի դատավոր Կարեն Բիշարյանի հետ, նա ասաց․ «Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում»։ Սասուն Խաչատրյանի՝ դատական ու դատախազական կապերը, սակայն, միայն Բիշարյանով ու Գալյանով չեն սահմանափակվում։ Մեզ ասացին, որ Խաչատրյանի «սրտի դատավորներից» է նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը 2018-2021 թթ․ Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ում քննիչ է աշխատել։ Եվ երբ 2021 թ․ հոկտեմբերին Արուսյակ Ալեքսանյանը նշանակվել է դատավոր, պատմեցին, որ այդ առիթով կազմակերպված խնջույքին մասնակցել են ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք, այլեւ անձամբ Սասուն Խաչատրյանն ու դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Դրանից հետո մի առիթով Արուսյակ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել Սրբուհի Գալյանի հետ, որը, սակայն, շատ արագ հեռացրել է՝ հավանաբար լսելով հորդորները, թե պատշաճ չեն դատախազի հետ լուսանկարվելն ու տարածելը, դրանից կոռուպցիայի եւ ապօրինությունների հոտ է գալիս։ Եվ ԲԴԽ-ն փոխանակ Ռուբեն Վարդազարյանի դեմ վարույթ սկսի՝ հարցազրույց տալու հիմքով, հենց նման շփումները պետք է դարձնի քննության առարկա։ Ի դեպ, Արուսյակ Ալեքսանյանին ճանաչողներն ասում էին, որ նա ՀՔԾ-ում բավականին սկզբունքային, ընդդիմադիր հայացքներով քննիչ է եղել, հետո «հեղափոխվել» է։
Երեկվա փախուստի ընթացքում, ի դեպ, Խաչատրյանին հասցրինք հիշեցնել նաեւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի՝ դատարանում արած հայտարարությունը, թե Սասունը ժամանակին ցանկացել է քննիչ դառնալ, երբ Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախագահն էր, մերժվել է, եւ հիմա վրեժ է լուծում՝ քրեական հետապնդման ենթարկելով։ Մեր հիշեցմանը նա արձագանքեց․ «Էդ մասին կխոսենք, բայց՝ ուշ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել