Ընդդեմ ոստիկանական ռեպրեսիաների երթը, կարծում եմ, ավազակախմբի համար բավականին սթափեցնող պետք է լինի: Ընդհանուր առմամբ, թե քանակը, թե էներգետիկան տպավորիչ էին, ինչը ակնհայտորեն հասկացել էին նաև ոստիկանական համազգեստներով երթը ուղեկցող անձինք: Վերջիններս ամեն կերպ փորձեցին մեղմել երթի ազդեցիկությունը:
«Երթը անցկացրեք մայթերով, ձեր երթը խոչընդոտում է երթևեկությունը: Երթը պետք է կանգնի կարմիր լույսի տակ»: Ավելի տգետ պահանջներ ոստիկանությունը երբևէ չի ներկայացրել: Վովա Գասպարյանը այս առումով անցել է իր բոլոր նախորդներին: Չնայած դժվար թե Սերժ Սարգսյանի խամաճիկ ոստիկանապետն ու ոստիկանությունը կարողանան հասկանալ, որ զանգվածային երթի ընթացքում ավելի շուտ երթևեկությունն է խոչընդոտում երթի անցկացմանը, քան հակառակը: Մայթերով երթ հասկացություն գոյություն չունի: Երթը, մանավանդ զանգվածայինը, անցկացվում է այն տեղով, որտեղով նպատակահարմար են գտնում երթի կազմակերպիչները: Ոստիկանությունը այս դեպքում պարտավոր է կարգավորել երթևեկությունն այնպես, որ թե՛ մեքենաները շարունակեն իրենց ընթացքը, թե՛ երթի մասնակիցները ազատ տեղաշարժվեն երթի համար նախատեսված փողոցի հատվածում: Նման պայմանների չիրականացման դեպքում երթը, մեղմ ասած, շատ թույլ տպավորություն է թողնում: Հենց այս խնդիրն է ոստիկանությունը լուծում այս մառազմատիկ պահանջներով. մեղմել զանգվածային բողոքի միջոցառման տպավորությունը: Սա արվում է երթը մաքսիմալ կառավարելի դարձնելով, մարդկանց դեպի պատերը սեղմելով, կարմիր լույսի տակ կանգնեցնելով, ինչը անցորդների կողմից ընկալվում է որպես երթի մասնակիցների թուլություն եւ իշխանությունների հերթական ամենակարողության դրսևորում:
Ուստի հարկավոր է՝ ոչ մի դեպքում չենթարկվել այս անօրինական պահանջներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ոստիկանությունը գնում է ակնհայտ սադրանքների բախումներ հրահրելու նպատակով:
Սկզբի համար, գոնե կարմիր լույսի տակ 500 կամ 1000 հոգով եկեք չգանգնենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել