Ոստիկանության կապիտան Արմենը ծանր աշխատանքային օրվանից հետո գիշերվա ժամը 11-ին վերադառնում էր տուն՝ մտքում պատկերացնելով, թե ինչպես սովորականի պես դուռը կբացի սիրելի կինը, ժպտալով կդիմավորի, ձեռքից կվերցնի ոստիկանական գլխարկն ու պայուսակը, և կարոտած կգրկի։ Հետո վազելով կմոտենա իննամյա տղան, կթռնի գիրկը և կարոտած պինդ-պինդ կսեղմվի կրծքին։ Գիտի, որ ժամն էլ լինի, մեկ է՝ մայրը սպասելու է, որ սեղանին դնի իր մանկուց սիրած տաք ապուրը, իսկ ընթրիքից առաջ հոր հետ մի-մի թաս գինի խմեն՝ իրենց անցավորներին հիշելով և երեխաներին պայծառ ապագա մաղթելով․․․ Այս սպասումով Արմենը թակեց դուռը։ Բայց․․․ կինը դուռը բացեց՝ նույնիսկ դեմքին չնայելով թողեց անցավ սենյակ։ Հայրն իրեն տեսնելով՝ տղայի ձեռքը բռնած մտավ մյուս սենյակ։ Արմենը լվացվեց մտավ խոհանոց, մայրն իր համար ընթրիքի սեղան չէր պատրաստել․ «հավանաբար ուշ ժամ է, քնած է» մտածեց Արմենը։ Ծանր օրվանից հետո Արմենի հոգում մեծացավ ծանրությունը։ Ինքն իր համար ապուր լցրեց, բայց թեև ամբողջ օրը ոչինչ չէր կերել՝ նույնիսկ առաջին գդալը կոկորդից ներս չգնաց, միայն 3 բաժակ օղին դատարկեց․․․
- Հայկ, - ձայն տվեց որդուն Արմենը։
Հայկը լուռ մոտեցավ, գլուխը կախ, ոչինչ չասեց։
- Ինչա՞ պատահել, տղաս, ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, ինչո՞ւ եք բոլորդ ձեզ տարօրինակ պահում։ - Հարցերը հնչում էին փոքրիկ տղային։
- Պա, մենք թուրք ե՞նք։ - Անսպասելի հարցով պատասխանեց իննամյա տղան։
- Ի՞նչ ես խոսում, տղա ջան, ի՞նչ թուրք։
- Պա, երբ մի քիչ մեծացա՝ դու էլ, պապիկն էլ ինձ պատմեցիք թուրք թշնամու դաժանությունների մասին: Պատմել եք, որ միշտ էլ, հիմա էլ ուզում են գան ու գողանան մեր տունը, վերացնեն ինձ ու քուրիկին, պատմել եք, թե քո պապն ու իր եղբայրները Սարդարապատում ոնց են պաշտպանել մեր տները։ Պապիկը երեկ ասում էր, որ թուրքերը նորից ուզում են գան մեր երկիր, ուզում են վերցնեն մեր տունը․․․- Տղան խոսում էր դողացող ձայնով՝ հազիվ զսպելով լացը։
- Հայկո ջան, բալես, ինչա՞ եղել, ինչո՞ւ ես հիմա դա հիշել։
- Պա, դու միշտ ասում էիր, որ դարձել ես ոստիկան, որ պաշտպանես բարիներին չարերից, որ չթողնես չարերը հաղթեն, որ միշտ կպաշտպանես մեզ, - լացը հազիվ զսպելով խոսում էր փոքրիկը։
- Բայց տղես, ես էլի եմ պաշտպանում ձեզ․․․
- Չէ, մի խաբի, - չդիմացավ ու արցունքների միջից գոռալով հեկեկաց փոքրիկը, - ես հեռուստացույցով քեզ տեսել եմ այսօր։ Ինչո՞ւ ձերբակալեցիր մի տղայի, ով փողոցում գոռում էր. «առանց թուրքի Հայաստան», դու ուզում ես թուրքը գա մեզ վերացնի՞, դրա համա՞ր ձերբակալեցիր այդ տղային։
- Ես չեմ ձերբակալել նրան, տղաս, ես նրան ուղակի տարել եմ ոստիկանություն։
- Մի խաբի, ես տեսել եմ ինչպես էիր նրա թևերը ոլորելով, գոռալով ու հրելով նստեցնում մեքենան, իսկ ի՞նչ վատ բան է ասել նա։ Ես էլ, պապիկն էլ, մաման էլ չենք ուզում թուրքը գա մեր տուն, ուրեմն մեզ էլ տար ոստիկանություն, - հեկեկալով գոռաց փոքրիկ Հայկն ու վազեց իր սենյակ։
Արմենի ներսի ծանրությունն ավելի մեծացավ․.․ նորից մեկ բաժակ օղի լցրեց՝ կարծելով, թե դա կթեթևացնի ծանրությունը․․․Մտքերը խառնվել էին, բայց գիշերն առջևում էր, և մինչև կլուսանար՝ Արմենն իր անելիքը որոշեց։
Առավոտյան ոչ ոք չնկատեց, թե ինչպես նա դուրս եկավ տանից։ Բայց կեսօրին զանգ եկավ տան հեռախոսին ու պապիկը վերցնելով՝ լսեց Արմենը ձայնը,
- Պա, ես ոստիկանությունում եմ։
- Արմեն, ես հեչ կատակելու հավես չունեմ, դու արդեն 10 տարի է այս ժամին ոստիկանությունում ես լինում։
- Չէ, դու ինձ չհասկացար․․․
- Պապիկ, պապիկ, - Արմենի վերջին խոսքերը խլացան փոքրիկ Հայկի ուրախ ու ոգևորված գոչյուններով, - հեռուստացույցով պապային եմ տեսնում, նա ոստիկանական համազգեստով չի, գոռում է «առանց թուրքի Հայաստան» ու ոստիկանները նրան ձերբակալեցին։
Այո, Արմենն առավոտ շուտ մտնելով ոստիկանություն՝ գրել էր աշխատանքից ազատվելու զեկուցագիր, թեթևացած դուրս եկել ոստիկանությունից, փոխել համազգեստը և որոշել շարունակել իր պապերից իրեն բաժին թողած գործը։
Արմենը հեռախոսի մյուս կողմից լսեց որդու ոգևորված ձայնը, լսեց թե ինչպես հայրը հանդիմանեց թոռանը, ասելով «այ տղա, ինչ կա էդտեղ ուրախանալու, ինչու են աչքերդ այդպես փայլում»։
- Պապիկ, ավելի լավ է հայրիկին ձերբակալեն հային թուրքից պաշտպանելու համար, քան՝ թուրքին հայից պաշտպանելու համար։
Հեռախոսի միջից իննամյա որդու ասած խոսքերը Արմենի հոգու վերջին ծանրությունը մաքրեցին․ «Տղաս կշարունակի մեր պապերի գործը, իսկ ես նրան կօգնեմ դրանում», ժպտալով մտածեց նախկին ոստիկան Արմենը:
Ոստիկանության նախկին ծառայող, սպա Սողոմոն Միրզոյանի էջից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1954652894744490
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել