Lragir.am-ը գրում է.
Սեպտեմբերից Հայաստան վերադարձող եւ արտասահմանյան երկրներում երկու տարի կրթություն ստացած Բյուրակն Իշխանյանն ասում է, որ Նիդեռլանդներում ուսման վարձերը ճիշտ այնքան են, որքան Հայաստանում, բայց այնտեղ մարդիկ շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան Հայաստանում:
«Ու նույնիսկ այդ դեպքում սովորաբար ոչ թե ծնողներն են իրենց երեխաների ուսման ծախսերը հոգում, այլ հենց երեխաներն իրենք: Մյուս կողմից, ուսանողները պետության աջակցությունն ունեն: Օրինակ, ստանում են որոշակի ամենամսյա գումար պետությունից, որը գոնե բավարար է ամենօրյա ծախսերի համար, պետությունը սուբսիդավորում է բնակարանների որոշակի տեսակի վարձի մի մասը, կան ուսանողական վարկեր: Իսկ ամենակարևորը՝ ավարտելուց հետո ուսանողը գիտի, որ եթե աշխատանք գտնի, լավ է ապրելու, հետևաբար կրթությունը մի ներդրում է, որն անհրաժեշտ է կատարել, ինչը ոչ մի դեպքում չես ասի Հայաստանի մասին»,- ասում է նա lragir.am-ին՝ անդրադառնալով Հայաստանում բուհերի ուսման վարձերի թանկացման խնդրին:
Ասում է, որ ծիծաղելի է մտածել, երբ չորս տարվա ուսման վարձ ես տալիս, բայց հետագայում ամբողջ տարվա ընթացքում ուսման վարձիդ չափ գումար չես էլ վաստակում: Որակը եւս բարձր է:
«Արևմտյան բուհերում կյանքը եռում է, գիտական ոլորտում ինչ կատարվում է, էնտեղ քննարկվում է, ոչ մի տարով հետ չեն մնում նոր հայտնագործություններից, իսկ Հայաստանում բազմաթիվ առարկաներ դասավանդվում են յոթանասունականների գիտելիքներով: Ու դրա համար ավելի շա՞տ վճարել: Իհարկե, եթե բարեփոխումներ լինեին, գուցե արդարացված լիներ: Բայց էսպես վերցնել ու բարձրացնել, երբ չկան ուսանողական վարկերի ճկուն մեխանիզմներ, երբ աշխատավարձերն ընդհանրապես ցածր են ու երբ ուսանողը չգիտի՝ էդ վարձին համապատասխան գիտելիք ստանալու է, թե ոչ, իսկ հետո կարողանալու է իր հացը վաստակել, իմ կարծիքով, անընդունելի է»,- ավելացնում է նա:
Խոստովանում է, որ արտասահմանում կան նաեւ այլ երկրներ, որտեղ ուսման վարձերը երբեմն անիմաստ թանկ են: Կարծում է, որ ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության ուսման վարձերն անարդարացիորեն բարձր են:
«Չեմ կարծում, թե գերմանական կրթությունն էդքան զիջում է ամերիկյանին ու բրիտանականին, որ լրիվ անվճար է»,- կարծում է նա: