Շուրջ երկու ամիս է, ինչ Երևանի Սեբաստիա փողոցում բարեկարգման աշխատանքներ են տարվում: Թվում էր, թե իսկապես բարեկարգման աշխատանքների շնորհիվ փողոցը ավելի գեղեցիկ տեսք կստանա, սակայն այս ողջ ժամանակահատվածի ընթացքում տեղադրվել են միայն մայթեզրերի քարերը, իսկ փողոցն այսօր ծայրից ծայր քանդված վիճակում է: 

 
Ներկայումս

 

Այսօր, տեսնելով կատարված ու անավարտ թողված աշխատանքները, առաջացան մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում եմ ստանալ Երևանի քաղաքապետարանից, կամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարությունից: Եվ այսպես: Իմ համեստ գիտելիքները թույլ են տալիս ասել, որ մայթեզրերի քարերի տեղադրման աշխատանքները արվում են նախքան փողոցի ասֆալտապատումը: Հակառակ դեպքում մայթերի սալիկների վնասումից բացի անհրաժեշտություն է առաջանում քանդել ասֆալտը և հետո նորից կարկատանի տեսքով ասֆալտապատել, իսկ այդ կարկատան հատվածը կազմում է ամբողջ փողոցի ասֆալտի 10-15%-ը:
 Սեբաստիա փողոցի մեծ մասի ասֆալտապատման հիմնական աշխատանքները տարվել են մի քանի ամիս առաջ, բնականաբար ասֆալտն այս պահին նորոգելու կարիք չկա, սակայն մայթեզրերի քարերի տեղադրումից հետո ողջ փողոցը վերածվել է ավերակների, քանի որ քարերի տեղադրումից հետո կարծես չեն շտապում վերականգնել փողոցի վնասված ասֆալտն ու մայթերի սալիկները: Էլ չասեմ, որ աշխատանքները տարվել են մեծ անփութությամբ:
 Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետարանին և տվյալ վարչական շրջանի պատկան մարմիններին: Որքա՞ն ժամանակ պետք է փողոցի «բարեկարգումը» անբարեկարգ վիճակում թողնի փողոցը: Սա այն դեպքում, երբ մինչ այդ բարեկարգման աշխատանքները մայթեզրերի քարերն այդքան էլ կարիք չունեին նորոգման: Կարելի է հետաքրքրվել և պարզել, թե որ քարհանքից են բերվում քարերը, և ով է իրականում այս «բարեկարգում»-ից բարելավում իր գրպանի պարունակությունը՝ քաղաքացուն անհարմարություն պատճառելով: Միաժամանակ նշեմ, որ իմ նախորդ հոդվածներից մեկում բարձրաձայնած խնդրի լուծման համար քաղաքապետարանը դեռ որևէ քայլ չի ձեռնարկել և անպատասխան է թողել հոդվածում հնչեցրած հարցերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել