Մի քանի իրավական պարզաբանում ի պատասխան քաղաքացիների ինձ ուղղված հարցումների`
Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից:
Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած:
Այդ պահից սկսած մարդն ունի առնվազն հետևյալ իրավունքները.
- բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,
- լռելը,
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
- փաստաբանի իրավունքը,
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
- իրավունքների մասին ծանուցվելը:
Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի:
Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:
Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:
Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:
Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ՝ պարտադիր:
Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես:
Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար:
Եվս մեկ կարևոր պարզաբանում՝ ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետևաբար՝ բոլոր կանոնները տարածվում են նաև ոստիկանի մեքենայի նկատմամբ:
Այս բոլոր կանոնները կիրառելի են նաև ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ:
Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիականն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1060961317836406&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել