ԱՄՆ-ը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին, ինչպես նաև դեմ է միակողմանի քայլերին այս առումով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այս երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասել է Բլինքենը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ «մշակում և խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցառումներ»։
«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։



