Սիրելի ընկերներ, Հայաստանում վաղը Ճրագալույց է, իսկ Երուսաղեմում՝ հաջորդ շաբաթ՝ ապրիլի 23-ին: Ինչպես գիտեք, ըստ ավանդության, տոնի սուրբ պատարագից հետո հավատացյալներն իրենց ընտանիքներում գեղեցիկ ընթրիք են կազմակերպում: Սեղանի գլխավոր զարդը կարմիր ներկված ձուն է և չամիչով փլավը:
Ձուն խորհրդանշում է հարության և նոր կյանքի սկզբնավորումը: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Մեր ժողովրդի մեջ տարածված թյուր կարծիք կա, և այս օրերին ինձ շատ են հարցնում. եթե տանը մինչև Սուրբ Զատիկ ընտանիքի անդամներից մեկը մահացած է լինում, ապա տանեցիները ձու չեն ներկո՞ւմ և փլավի մեջ չամիչ չեն գցո՞ւմ: Սա անտեղյակության և սնահավատությունների անտրամաբանական մոտեցում է, ըստ այդպես վարվողների` կարմիրը տոնական գույն է, և սգի մեջ եղող մարդիկ չպետք է ուրախանան: Սակայն ձու չներկելը և փլավի մեջ չամիչ չգցելը հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն չէ, և, ինչպես արդեն ասացի, քանի որ Զատկի ձուն Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան է, հետևաբար, պիտի ներկվի հենց այդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն, ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու: Իսկ զատկական փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությունը, չամիչի հատիկները` առաքյալներին, ովքեր Քրիստոսի Ավետարանի քարոզությամբ քաղցրություն բերեցին մարդկային կյանքում:
Սուրբ Զատկի տոնի հետ կապված նաև այլ նախապաշարումներ կան մեր ժողովրդի կենցաղում` օճառով ձեռքերը չեն լվանում, կար չեն անում և այլն: Սակայն Եկեղեցին երբեք այսպիսի հրահանգներ չի տվել հավատացյալներին, և սրանք ևս համարվում են անտեղյակությունից բխող անիմաստ սնոտիապաշտություններ:
Անտեղյակության հետևանք են նաև ժողովրդի կողմից սխալ գործածվող ՓՈՔՐ և ՄԵԾ զատիկ արտահայտությունները: Զատիկ բառը գործածվում է միմիայն Սուրբ Հարության տոնի համար, իսկ հունվարի 6-ը, (Երուսաղեմում հունվարի 19-ը) ոչ թե Հարության տոնին` Զատիկին նախորդող փոքր զատիկն է, այլ Տիրոջ Ծննդյան տոնը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vsemapayl/posts/10224893777285834
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել