Պաշտոնական տվյալներով` ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմում է 155.008 ՀՀ դրամ, բայց թողնենք սա, քանի որ 45-60.000 դրամ աշխատավարձ ստացողների բազմության կողքին կան 500-600.000 ու դեռ ավելին ստացող դատախազներ, դատավորներ և բազմաթիվ այլ ոլորտների ներկայացուցիչներ, որտեղ աշխատելը հասարակ մահկանացուներին չի սպառնում, իսկ միջինը արդեն հասկացաք, թե ինչպես է հաշվարկվում։
Հիմա որպես ԻՐԱԿԱՆ միջին աշխատավարձ ընդունենք 70-80.000 դրամը։ Եթե ենթադրենք, որ 5 անձից բաղկացած միջին ընտանիքում աշխատեն 2-3 անձ, ապա նրանց բյուջեն կկազմի լավագույն դեպքում 250.000 դրամ։ Միայն 5 հոգու սննդի վրա ամենամինիմալ պայմաններում կծախսվի օրական 3000 դրամ, ամսվա կտրվածքով՝ 90.000: Միայն կոմունալ վարձավճարները դարձյալ բավական խնայողաբար օգտագործելու դեպքում կկազմեն միջինը 20-30.000, ևս մոտ 30.000 կծախսվի տրանսպորտի վրա, եթե իհարկե այդ ընտանիքը «սխալմամբ» մեքենա չունի, որի միայն, շեշտում եմ, միայն վառելիքի ծախսերը հոգալու համար 100.000-ը ամսվա ընթացքում գուցե չհերիքի, էլ չեմ խոսում մեքենայի սպասարկման, անհեթեթ տուգանքների ու նորագույն ռեֆորմ հանդիսացող կարմիր գծանշումների մասին...
Մեր «ճոխ» աշխատավարձից մնաց լավագույն դեպքում 100.000 դրամ (սա մեքենայի բացակայության պայմաններում): Եթե ընտանիքում կան երեխաներ, ապա այդ գումարի առյուծի բաժինը կծախսվի երեխայի պահանջները բավարարելու վրա։ Եթե կա կամ առավել ևս կան ուսանողներ, ապա միայն ուսման վարձավճարի համար այդ գումարը ծիծաղելի է, մանավանդ որ գումարը պահանջում են միանվագ վճարել։ Եթե կան ծերեր, ապա միայն դեղերի գումարը հաստատ կգերազանցի վերևում նշված բոլոր թվերը միասին վերցրած։
Եթե ընտանիքում կան ուրախ կամ տխուր առիթներ, ապա ուտելու, վարձավճարների մասին պետք է մոռանալ, էլ չեմ խոսում, որ կյանքում տրվող բազմաթիվ հաճույքներից օգտվելը կտեսնեք միայն սերիալներում, լավագույն դեպքում երազում...
Բնականաբար այս ընթացքում հագուստի, մի քիչ նորմալ սնվելու, հյուր գնալու կամ հյուր ընդունելու, նվերներ գնելու, ժամանցի, վերանորոգման, հանգստանալու ու մի շարք հաճույքների մասին պարտադիր պետք է մոռանալ, հակառակ դեպքում կհիշեք գումարի բացակայության մասին, կլրացնեք նյարդային հիվանդների ստվար շարքերը, իսկ դեղերը, ինչպես արդեն գիտենք, բավական թանկ արժեն...
Հատուկ եմ ամեն ինչ պատկերավոր ներկայացրել, որ ավելի պրիմիտիվ լինի ոլորտների պատասխանատուների ըմբռնման տեսանկյունից)))
Հ.Գ. Բայց դեռ կան պաշտոնյաներ, ովքեր հայտարարում են, որ ժողովուրդը շատ էլ լավ ա ապրում, ոչ մի սոցիալական բունտ չկա...
Նրանց մասին հիշատակումների ոճի, բնույթի ու քանակի ընտրությունը թողնում եմ Ձեզ, իսկ հաշվարկների մասով, կարծում եմ, վերևներում լուրջ մտածելու պատճառ ունեն։ Նորմալ ասֆալտ քերել-փռելով, արտաքին պարտք ու ինքնանպատակ, ոչ առաջնահերթ վարկեր վերցնելով, բյուջեի գումարները մսխելով ոչ մեկի ստամոքսին օգուտ չեք տալիս, չնայած չէ, կարևորը ձեր ստամոքսն էր, ժողովուրդը ո՞ւմ ա պետք...