Hetq.am-ը գրում է․
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ավելի քան 7 տարի անց այսօր գործով դատավճիռ հրապարակվեց, գրում է «Հետք»-ը:
Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեց մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության և 4-ն էլ` Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված:
Սպանության մեջ մեղադրվողները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը և Գնել Թևոսյանը, Բարսեղյանի ծառայակից ընկերներն են։
Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են գիշերը, անկողնում, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակում։
Ամբաստանյալներին վերագրվող արարքը որակվել է խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն, (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով), նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել, այժմ փաստարեն, դատարանը նրանց արարքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Նշենք, որ դատախազությունը մեղադրական ճառով ավելի խիստ պատիժներ էր պահանջել ամբաստանյալների համար, մասնավորապես` Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար` 18-ական տարի ազատազրկում, իսկ սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը պնդում է, որ 4 ամբաստանյալներին էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։
Այս գործը հանրային մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն կատարվածի, այլև այն պատճառով, որ ամբաստանյալներից մեկը՝ Գնել Թևոսյանը, ռազմական ինստիտուտի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել է պաշտոնից, ապա նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Մարկոսյանին, սակայն դատարանն արդարացրել է։
Ամբաստանյալներին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրված եղել նաև զինվորական կանոնադրային հարաբերություններ խախտելու համար, սակայն գործի դատաքննության ընթացքում դրանց վաղեմության ժամկետներն անցել են, ու ամբաստանյալները չեն առարկել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Կանոնադրային հարաբերությունները խախտելու հոդվածով մեկ դրվագով մեղադրանք առկա էր միայն Վաչե Սահակյանի վերաբերյալ, սակայն այս հոդվածով` Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին մասով նա արդարացվեց։
Գործի դատաքննության ընթացքում ամբաստանվող տղաների ու Հայկազ Բարսեղյանի բազմաթիվ ծառայակիցներ են հարցաքննվել, նրանք սպանված Հայկազին բնութագրում են որպես ընկերասեր, պարտաճանաչ, ոչ կոնֆլիկտակին մարդու: