«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, եւ մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք սկսել այդ աշխատանքի իրականացումը»,- այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է ԱՊՀ երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ անցկացվող ժողովում:
Փաստորեն ՀՀ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ընդունելի են այդ հինգ առաջարկությունները, որոնք Ադրբեջանական Հանրապետությունը մեզ էր ներկայացրել որպես սկզբունքներ։ Իսկ թե ինչի՞ մասին են այդ առաջարկները՝ ներկայացրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։
«Այսպես կոչված 1-ին սկզբունքով Ադրբեջանն առաջարկում է ճանաչել միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Սակայն դրանով չի բավարարվում, այլ 2-րդ և 3-րդ կետերով ի լրումն պահանջում է հաստատել, որ երկրներըչունեն փոխադարձ տարածքային հավակնություններ և չեն ունենա ապագայում: Ավելին, առաջարկում է պայմանավորվել միջպետական հարաբերություններում ևս չստեղծել անվտանգային սպառնալիքներ, զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքմիմյանց տարածքային ամբողջականության, և ուշադրություն՝ քաղաքական անկախության նկատմամբ:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է ենթադրյալ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ստիպել Հայաստանին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և մեկընդմիշտ զրկել Հայաստանին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ճանաչման համար պայքարից: Այդ թվում՝ միջպետական հարաբերություններում, այսինքն նաև միջազգային կառույցներում:
Իսկ քաղաքական անկախությանը անդրադարձով՝ Ադրբեջանը փորձում է կանխել Արցախի կարգավիճակի հարցի բարձրացման ցանկացած սցենար, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական համակարգի փոփոխության միջոցով:
Չորրորդ կետով տեսնում ենք, որ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դիտարկում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացից հետո: Այսինքն, սկզբից դեմարկացիա, հետո դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
Եվ վերջին կետը, վերաբերող հաղորդակցության ուղիների բացմանը, ամրագրում է տրանսպորտի և կոմունիկացիայի բացում և այլ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ կոմունիկացիաների հաստատում: Սա նշանակում է մինչ այդ գոյություն չունեցած նոր կոմունիկացիաների կառուցում: Ի՞նչ է ուզում ասել համապատասխան բառով: Արդյո՞ք սա «Զանգեզուրի միջանցքի» քողարկված արտացոլումը չէ, որի մասին շարունակաբար խոսում է Ադրբեջանը՝ հղվելով 2020թ նոյեմբերի 9-10-ի հայտարարությանը:
Այսպիսով, այս 5 սկզբունքներում Ադրբեջանն ամփոփել է պատերազմից հետո իր կողմից առաջ քաշված պահանջները՝ միակողմանի և առավելապաշտական, Հայաստանի ու Արցախի շահերը հաշվի չառնող: Դրանք այժմ Բաքուն փորձում է դնել նոր բանակցային գործընթացի հիմքում և դրանով փակել Արցախյան հիմնախնդրի էջը: Սակայն դա անում է բավական նուրբ բառակազմի ու թաքնված ուղերձների տեսքով՝ երևի թե նպատակ հետապնդելով կանխել հայ հասարակության բուռն հակազդեցությունը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1926750827534697
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել