Ձ-Ա-Ն-Ձ-Ր-Ա-Լ-Ի էր… Չէի մտածի, որ երբեւէ կասեմ այս խոսքերը Բելգիայի գրան պրիի մասին: Չնայած, նույն զգացողությունը մոտս կար նաեւ 2002 եւ 2007 մրցարշավներից հետո, որոնց ժամանակ էլ ամեն ինչ վճռվեց առաջին շրջանի ժամանակ (2002-ին երբ Մոնտոյան առաջին շրջանին 5-ից 3-րդ տեղ բարձրացավ, իսկ այսօրվա պոդիումում իր 2-րդ կոստյումը փչացրած Կուլտհարդը վազանցեց Ռալֆին, իսկ 2007-ին երբ մեկնարկից հետո Ալոնսոն եւ Հեմիլթոնը կողք կողքի մտան Օ-Ռուժ): Իհարկե, այն ժամանակվա չափանիշներով այսօրվա Գրան Պրին կարելի է գերհագեցած եւ հետաքրքիրներից մեկը համարել, քանի որ մենք տեսանք մեծ քանակությամբ վազանցներ, պայքար, որոնցից մի քանիսն ավարտվեցին վթարներով (Մալդոն հաջողացրեց մեկ շրջադարձում 2 Ֆորս Ինդիաների հետ վթարվել), մենք 3-րդ տարին անընդմեջ անգամ տեսանք, թե ինչպես էին պիլոտները կողք կողքի մոտենում Օ-Ռուժին եւ առաջնության ամենագեղեցիկ եւ վտանգավոր շրջադարձ մտնելիս վազանցում միմյանց (առանձին շնորհակալություն Ադրիան Սուտիլին իր 2 հրաշալի մանևրների համար, ինչպես երեւում է, գերմանացի դաշնակահարի մեջ խոսեցին հյուսիսամերիկյան տաքարյուն գեները):

 

Սակայն արքայական ավտոսպորտի այսօրվա երկրպագուներին արդեն չես զարմացնի Սպայում տեսածով, բացառությամբ վերը նշված Սուտիլի` Օ-Ռուժում կատարած մանևրների: Այսօր հաղթանակի ելքը վճռվեց հենց առաջին շրջանի ժամանակ, երբ Ֆետտելը Օ-Ռուժից ավելի լավ ելքի շնորհիվ վազանցեց Հեմիլթոնին եւ հետագայում ոչ ոքի թույլ չտվեց մոտենալ իրեն: Ալոնսոն եւս կարողացավ վազանցել Լյուիսին նույն Kemmel ուղղաձիգում եւ պահպանեց իր 2-րդ տեղը, Լյուիսն էլ մնաց իր 3-րդ տեղում, թեեւ մեկնարկել էր փոուլից: Այսպիսին է այսօրվա Ֆորմուլա 1-ը, կապ չունի, թե դու որտեղից ես մեկնարկում, միեւնույն է, մեքենաները շախմատաձեւ դրոշակը հատելու են ըստ բոլիդների ավելի արագ լինելու հերթականության, եթե իհարկե դա Մոնակոյի, Հունգարիայի կամ Սինգապուրի ֆինիշը չէ: Իզուր չէին Ֆինիշից հետո Ալոնսոյի ասած այն խոսքերը, որ եթե նա անգամ մեկնարկեր փոուլից, միևնույն է, 2-րդը կմնար: Ցավոք, այսօր մեզ չկարողացավ ուրախացնել Սպայի արքա Կիմի Ռայկկոնենը: Սակայն Ֆինը հերթական անգամ ապացուցեց, որ Սպայում իրեն հավասարը չունի` կատարելով  հրաշալի վազանցներ  այնպիսի վայրերում, որտեղ մենք վաղուց չէինք տեսել անվադողը անվադողի պայքար (Malmedy-ում Պերեսին եւ Les Combes-ից դուրս գալուց Գուտիերեսին): Ցավոք, Սպայի քառակի հաղթողի աջ-ձախ անվասկավառակը, չդիմանալով արգելակումներին, տաքացավ, շարքից դուրս եկավ, եւ Ֆինն առաջին անգամ վերջին 31 մրցարշավների ժամանակ չտեսավ շախմատաձեւ դրոշակը: 

Կուզենայի առանձնացնել նաեւ Պերեսին, ով մրցուղում իր «լկտի» պահվածքի համար արժանիորեն պատժվեց: Շատերի համար այս պատիժն առաջին հայացքից կարող է չափազանց խիստ թվալ, քանի որ նա թույլատրելիից ընդամենը մի քանի մետր ավել ձախ շարժվեց: Սակայն հարցն էլ հենց դա է, որ այսպիսի բարձր արագությունների դեպքում անգամ մի քանի սանտիմետրը կարող է ճակատագրական դառնալ (այնտեղ արգելակում են 320-ից մինչեւ 120, 200 կմ/ժ-ի կորուստը կատակ բան չէ), առավել եւս որ 2 տարի առաջ Հեմիլթոնը` նո՛ւյն մեքենայով, նո՛ւյն շրջադարձում,  նույնպիսի՛ անփութության պատճառով վթարվեց Չեկոյի այդ ժամանակվա թիմակից Կամուիի հետ: Սա այն դեպքն է, որ նման տաք գլուխ երիտասարդներին պետք է գոնե այդ կերպ «դաստիարակեն», որպեսզի նրանք հասկանան, որ մրցարշավները խաղ ու պար չեն եւ հիշեն, թե մոտ 25 տարի առաջ դա ինչով կարող էր ավարտվել, իսկ նրան պատժած Ուորիկը դա լավ գիտի, ընդ որում ոչ ասեկոսեներից: Լավ է, որ Մոնցա 2011-ից հետո ուղեծիրը փոխելու մասին օրենքը վերջապես հստակեցվեց, որպեսզի դիմակայող պիլոտը հարձակումից պաշտպանվելիս մրցակցի համար մեկ մեքենայի չափով տեղ թողնի, ինչն այսօր չարեց Սերխիոն: 

Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա կցանկանայի իմանալ` արդյո՞ք հոդվածս կարդացողների մեջ կան այնպիսի լավատեսներ, որոնք հավատում են, որ 3 ամիս անց պատմության մեջ 2 քառակի չեմպիոններ չեն լինի: Սպասենք արագության տաճար Մոնցային, գուցե նա կարողանա մասամբ պատասխանել այս հարցիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել