Doctors.am-ը գրում է.
Կերակրելիս երբեմն կարող են խնդիրներ առաջանալ` պտուկների ճաքեր, ցավի զգացում, կաթնատար ծորանների խցանումներ:
Կրծքի ճիշտ խնամքը կօգնի զերծ մնալ այս ամենից: Մասնավորապես, սուր մաստիտը կանխելու համար՝ շատ կարևոր է կրծքով կերակրելուց առաջ և հետո պտուկի շուրջը զգուշորեն լվանալ տաք հականեխիչ լուծույթով (բորաթթու), այն պատել տաքացրած որևէ քսուքով և ծածկել մանրէազերծ անձեռոցիկով:
Կարևոր նշանակություն ունի նաև պտուկի ճաքերի և քերծվածքների կանխումը: Անհրաժեշտ է դեռևս հղիության ընթացքում կաթնագեղձերն ամեն օր լվանալ տաք ջրով և օճառով, մշակել 60-70 աստիճանի սպիրտով, այնուհետև՝ 5%-անոց գրամիցիդինի և 70%-անոց սպիրտի խառնուրդով:
Օգտակար են համարվում 15-20 րոպեանոց օդային լոգանքները, իսկ հղիության վերջին երկու ամիսներին ` պտուկի և դրա շուրջ մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Չմոռանանք նաև անձնական հիգիենայի կանոնների մասին՝ մարմնի և սպիտակեղենի մաքրություն,ինչպես նաև հղի առաջնածին կանանց նախապատրաստում կաթնարտադրության շրջանին`քրոնիկական վարակիչ օջախների բուժում, կրծքագեղձերի խնամքի կանոններին ծանոթացում, երեխային կրծքով կերակրելու կանոնների ուսուցում, կաթի կթման հմտությունների մշակում:



