BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր |
Սեփական քաղաքացիական դիրքորոշումն ունենալը կարևոր բան է: Դրա մասին ի լուր աշխարհի հայտարարելու համարձակություն ունենալն ավելի կարևոր է: Իսկ հանուն իր դիրքորոշման պայքարող քաղաքացին ամենալավ բանն է, որը կարող է պատահել պետության հետ: Երկրի արատների դեմ կռիվ տվող ու իր պատկերացրած ճիշտ պետության մոդելը կառուցել ձգտող խելամիտ քաղաքացիների առկայությունը երկրում հրաշալի շանս են գալիք սերունդների համար ապրել որակապես նոր երկրում՝ առանց երկիրը քայքայող ներկա ուռուցքների: Բայց օրինականության հաստատման համար կռիվ տալիս ու օրինախախտներին պատասխանատվության ենթարկել պահանջելիս շատ կարևոր է, որ ինքդ էլ ջանաս օրենքի դաշտում մնալ ու պայքարդ տանես այն գիտակցումով, որ օրինականության համար պայքարողի կարգավիճակդ քեզ անձեռնմխելի ու օրենքից վեր կանգնած մեկը չի դարձնում:
Այն ինչ երեկ կատարվեց Կոմիտաս 5-ում ցավալի էր: Ըստ իս ոստիկաններն իրոք չափն անցան, ինչը բնավ համահունչ չէր վերջին տարիներին ոստիկանոււթյան որդեգրած մարտավարության ու համակարգի ներսում իրականացվող բարեփոխումների հետ: Էլ ավելի ցավալի էր ժամեր անց կարդալ ոստիկանության տարածած սպառնալից նամակը, որում կարմիր գծով գնում էր այն միտքը, որ ոստիկանության այսօրվա գործողությունները գուցե օրինաչափ դառնան:
Ես ուղեղի ցնցում ստացած ակտիվիստներ տեսնել չեմ ուզում: Հալածված ու անարգված ոստիկան էլ տեսնել չեմ ուզում: Ոչ ոք չի ուզում:
Մենք քաղաքակիրթ պայքարել ու մեր խոսքը ճիշտ ձևակերպված տեղ հասցնել գիտենք: Գիտենք, բայց հաճախ ենք մոռանում: Ու մոռանում ենք մարդկանց պատճառով, ովքեր ձեռնամարտը, հայհոյանքը, քաշքշոցն ու օրենքի պաշտպանին անարգելը գերադասում են քաղաքակիրթ պայքարից: Մոռանում ենք մարդկանց պատճառով, ովքեր ձայնալարերի ողջ ուժգնությամբ գոռալը նախընտրում են օրենքի կետերով խոսելուց: Մոռանում ենք նրանց պատճառով, ովքեր մատները ոստիակնների բերաններն են կոխում ու հետո հպարտանում են այդ պահը ֆիքսող նկարներով: Մոռանում ենք նրանց պատճառով, ովքեր դիմակավորված մեր մեջ են սողոսկել ու մեզ տանում են… թերևս սխալ ուղղությամբ:
Երեկվա կատարվածում մեղավոր են երկու կողմն էլ: Թող ոչ ոք պոպուլիզմ չխաղա ու չփորձի ողջ մեղքը մյուս կողմի վրա բարդել: Դա փակուղի տանող հիվանդ ռազմավարություն է ու բնավ միտված չէ խնդրի հանգուցալուծումը գտնելուն: Սա դաս էր: Դաս երկու կողմի համար էլ: Ազդակ էր, որպեսզի մեզ մի պահ կողքից նայենք: Կանգ առնենք, կշռադատենք պահը ու մեր գործողությունների ձևն ու բնույթը վերանայենք: Նայենք մեր շուրջը, հասկանանք արդյո՞ք մեր կողքիններն էլ մեզ պես ազնիվ պայքարելու են եկել: Հասկանանք արդյո՞ք ոմանց պայքարի ադրենալինը գազան չի դարձնում: Հասկանանք արդյո՞ք անօրինականությամբ օրինականություն կառուցելու սխալ ճամփան չենք բռնել: Հասկանանք արդյո՞ք չենք սկսել նմանվել այն հրեշին, որի դեմ պայքարում ենք: Հասկանանք արդյո՞ք չափը չենք անցնում հասարակական կարգը խանգարողին գազելում ծեծելիս: Հասկանանք արդյո՞ք սխալ չենք վարվում իր թոռների վաղվա օրվա համար պայքարող տատիկին սառնասրտորեն գետնին տապալելիս: Հասկանանք արդյո՞ք չենք սկսել մեր գործողություններով վտանգավորի սահմանին մոտենալը…
Շատ բան կա հասկանալու: Մտածելու համար ժամանակ գտնել է պետք: