Սիրելի՛ կանայք,
Ձեզ իրավունքները պետք է լինեն իրապես պաշտպանված, իսկ հնարավորությունները` հավասար ու արժանապատիվ: Դրանից մեր պետությունը միայն ամրանալու է:
Բայց այս նպատակի համար միայն «չոր» օրենքները և հետո այդ օրենքները կնոջ իրավունքների հարցում ամեն առիթով ճոճելը լուծում չեն:
Պետք է լինի այնպես, որ մարդիկ չունենան կարծրատիպեր կնոջ մասին, որ նրանք ձերբազատվեն թվացյալ վախերից:
Պետք է լինի այնպես, որ միշտ երջանկությամբ ընկալվի ու սպասելի լինի աղջիկ երեխայի ծնունդը, ու երեխայի լույս աշխարհ գալը երբեք չընդհատվի միայն այն պատճառով, որ աղջիկ է:
Պետք է բացառվի ընկալումը, թե աշխատանքում կնոջ հաջողակ լինելու չափանիշը նրա անձնական կյանքի հաշվին է, իսկ հասարակությունում էլ չպետք է լինեն վախեր ու կարծրատիպեր, որոնք կնոջ կյանքը կդրոշմեն խարանով` զրկելով նրան հաջողակ լինելու հնարավորությունից:
Կինը չպետք է դառնա հասարակության որոշած խարանի զոհն ու ստիպված լինի ողջ կյանքում ապրել զրկանքներով:
Կինը պետք է գնահատվի իր մասնագիտական գիտելիքներով ու արժանիքներով, ու կին լինելը չդիտարկվի որպես տղամարդուն կանխակալ ստորադասություն աշխատանքից հետ մնալու, լիարժեք չգնահատվելու, անձնական զրկանքներ կրելու ու մյուս հարցերում:
Պետք է բացառվի կնոջ հանդեպ հոգեբանական, ֆիզիկական կամ տնտեսական բռնությունը:
Հասարակական ու հատկապես քաղաքական-պետական կյանքում կնոջ ներգրավվածությունը պետք է համարել լուծված ոչ թե նրանով, որ բավարարված են օրենքների «չոր» տոկոսներ, այլ նրանով, թե որքան են գնահատված կանայք իրական կյանքում արհեստական ստորաբերումները բացառելու հաշվին: Կարծրատիպերից ու վախերից էլ պետք է առաջնահերթ զերծ լինի ինքը պետությունը, որ նպատակներին հասնելը դառնա դյուրին ու արագ:
Վերջապես, կանանց կյանքի հաջողության պատմությունները պետք է լինեն ոչ թե մեծագույն նվաճում, այլ վարակիչ օրինակ, կյանքի սովորական կանոն: Այս նպատակի համար ենք մենք 2016-2022թթ. արել լայնածավալ հանրային արշավներ #Դարձիր_օրինակ, #Դեմ_եմ_բռնությանը և այլ կարգախոսներով:
Ցավոք, բոլորս միասին անցանք համավարակի ճգնաժամով ու աղետաբեր պատերազմով, բայց դրանք ապացուցեցին` որքան բացառիկ է կնոջ նվիրումի արժեքը մարդու կյանքի փրկության, Հայրենիքի պաշտպանության ու մեր պետականության ամրության համար:
Սիրելի՛ կանայք,
Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:
Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց իրավունքների միջազգային օրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1030736257525579&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել