Civilnet.am-ը գրում է.
Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է այս գործարքը։
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Երևանի Ազատության պողոտայում ուներ երկու առանձնատուն։ Դրանցից մեկը պատկանում էր նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին, մյուսը՝ կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին։ Վաճառված առանձնատունը Արգամ Աբրահամյանինն էր, կառուցվել էր խորհրդարանի շենքի նմանությամբ։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ առանձնատան տարածքը 2 580 քառակուսի մետր է։ Տարածքի սեփականատերը նախ Հովիկ Աբրահամյանի վարորդ, մրգավետցի Գրիգոր Գևորգյանն էր, որը 2013-ին նվիրատվությամբ այն փոխանցել է Արգամ Աբրահամյանին։ Նվիրատվության պայմանագրին հաջորդել էր Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքին հասցեի տրամադրումը, ապա շինարարությունը և այլն։
Առանձնատան նկուղային հատվածը բաղկացած է երկու սաունաներից, երեք սանհանգույցներից, մարզման սրահից, մերսման սրահից, կինոդահլիճից, տան սպասավորների համար նախատեսված ննջասենյակից, մառանից։ Առաջին հարկն ունի երեք սանհանգույց, հյուրասենյակ, ճաշասենյակ, բուխարիի համար նախատեսված տարածք, հանդերձարաններ։ Երկրորդ հարկում տեղակայված են չորս ննջարան, չորս սանհանգույց, չորս հանդերձարան, կա բացօթյա պատշգամբ։ Բակում կա երկու զրուցարան, երկու պահակակետ, կաթսայատուն, ջրավազան։ Գույքի կադաստրային արժեքը ավելի քան 310 միլիոն դրամ է։
Աբրահամյանների առանձնատները պարբերաբար գործող իշխանությունների կողմից վկայակոչվում էին որպես կոռուպցիայի ցցուն օրինակ։ Իրենց ելույթներում այդ մասին էին հայտարարում գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2017-ին հայտարարել էր. «Հաղթանակ զբոսայգին ու նրա մերձակա տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ։ Բացառված է, որ այնտեղ լինի հողակտոր, որևէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա»։ Փաշինյանը նաև գաղափար էր առաջ քաշել, որ կոռուպցիայի թանգարանում որպես գիդ կարող է աշխատել Հովիկ Աբրահամյանը։
Հանրային հեռուստաընկերությունը 2020-ի փետրվարին անդրադարձել էր, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը փորձում էր օրինականացնել իրենց տան հարևանությամբ գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով ապօրինի շինությունը։ Մոնումենտում առկա ապօրինի շինությունների օրինականացմանը Փաշինյանն անդրադարձել էր, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքներից այլ տեղեկություններ չկան։