Շատ քիչ նախագահներ կան, որոնք պաշտոնաթողությունից հետո էլ ժողովրդի համար ցանկալի են, և երբ ինձ հարցնում են` որն է իմ կյանքի երազանքը, պատասխանում եմ`
դասվել նրանց շարքին:
Ֆրանկլին Ռուզվելտ
Հարավ-աֆրիկյան Հանրապետության կայքերն ուղղակի ողողված են ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակի նկարագրումով. բանը նրանում է, որ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը շարունակում է ծանր լինել և գնալով վատթարանում է: ՀԱՀ-ի պատմության մեջ այսպիսի բան չի եղել, որ պետության նախագահն օրվա մեջ պարբերաբեր հեռուստատեսությամբ ելույթով հանդես գա և ժողովրդին անձամբ տեղեկացնի նախկին նախագահի առողջական վիճակի մասին:
Հենց այդպես է անում երկրի նախագահ Ջեյկոբ Զուման: Ըստ նրա տված վերջին տեղեկատվության՝ Ժամանակ առ ժամանակ Մանդելայի վիճակն անկայուն է դառնում, սակայն նրա օրգանիզմն ունակ է արագորեն վերականգնվելու և բժշկական միջամտության շնորհիվ կայունանում է: Զուման բոլոր հարավաֆրիկացիներին խնդրել է աղոթել Մանդելայի համար՝ չնայած առանց իր կոչի էլ ժողովուրդը առավոտից իրիկուն աղոթում է նրա ապաքինման համար:
Հարգելի ընթերցողներ,առաջին հայացքից այստեղ ոչ մի արտառոց բան չկա, սակայն երբ խորանում ես և հիշում, թե որքան նախագահներ կան, որոնց հեռանալուց հետո ժողովուրդը ոչ թե աղոթել է նրանց համար, այլ անիծել է այն օրերը, երբ նա ղեկավարում էր:
Այո, կան նախագահներ, որոնցից ազատվելու համար սեփական ժողովուրդը գնացել է վերջին քայլին` հեղափոխության: Այո, կան նախագահներ որոնցից ազատվելու համար մարդիկ պատրաստ են զոհել իրենց կյանքը: Ինձ թվում է՝ օրինակները չափից շատ են. հեռու չգնանք՝ արաբական երկրների նախագահներիը միայն հերիք են:
Երբ նելսոն Մանդելան տեղեկանում էր, որ իրեն իր ժողովուրդը փառաբանում է, նյարդանում էր և ամեն անգամ ասում. «Ինձ դուր չի գալիս, երբ ինձ ներկայացնում եմ որպես կիսաաստված: Ես ուզում եմ, որ ինձ ճանաչեն որպես Մանդելա` մարդ, ով ունի թուլություններ»:
Այո, նա, ինչպես բոլոր մահկանացուները, ունի թուլություններ, բայց, այնումենայնիվ, այդ թուլություններով հանդերձ իր ժողովուրդը պաշտում է իրեն:
Հ.Գ. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար, երնեկ նրան ով իր գործով կապրի անվերջ անդադար…». արդեն դասական դարձած թումանյանական այս տողերը շատ տեղին է այս հոդվածը ավարտելու համար:
Նյութի աղբյուր՝ http://hartak.am/arm/index.php?id=6267