Azatutyun.am-ը գրում է.

Եվրամիությունը, ԱՄՆ-ի և այլ արևմտյան գործընկերների հետ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինա ներխուժելու համար հետագա պատժամիջոցների մասին, ներառյալ` մի շարք ռուսական բանկերի անջատումը SWIFT միջբանկային վճարային համակարգից:

SWIFT-ն աշխարհի հիմնական միջազգային վճարային ցանցն է:

Ի՞նչ Է SWIFT-ը

SWIFT-ը կամ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության հասարակությունն անվտանգ հաղորդագրությունների համակարգ է, որը հեշտացնում է արագ միջսահմանային վճարումները՝ սահուն (անխախտ) դարձնելով միջազգային առևտրի հոսքը:

SWIFT համակարգին միացող բանկերը, որոնք նաև կապեր են հաստատում այլ բանկերի հետ, կարող են օգտագործել SWIFT հաղորդագրությունները վճարումներ կատարելու համար:

Հաղորդագրություններն ապահով են, այնպես որ վճարման հրահանգները սովորաբար կատարվում են առանց հարցերի: Սա բանկերին թույլ է տալիս արագորեն մշակել մեծ ծավալի գործարքներ:

Այն դարձել է միջազգային առևտրի ֆինանսավորման հիմնական մեխանիզմը։ 2020 թվականին SWIFT պլատֆորմի միջոցով օրական ուղարկվել է մոտ 38 միլիոն SWIFT «FIN հաղորդագրություն»: Ամեն տարի տրիլիոնավոր դոլարներ են փոխանցվում այս համակարգի միջոցով:

Ո՞ւմ է պատկանում SWIFT-ը

SWIFT-ը, որը հիմնադրվել է 1970-ականներին, հազարավոր անդամ հաստատությունների կոոպերատիվ է, որոնք օգտվում են ծառայությունից:

Բելգիայում հիմնված SWIFT-ը 2020 թվականին ստացել է 36 միլիոն եվրո շահույթ՝ համաձայն տարեկան ամփոփման: Այն ղեկավարվում է հիմնականում որպես ծառայություն իր անդամների համար:

Ինչո՞ւ է SWIFT-ի արգելքն այսքան լուրջ

SWIFT-ից ռուսական բանկերի բացառումը սահմանափակում է երկրի մուտքը ֆինանսական շուկաներ ամբողջ աշխարհում: Ռուսական ընկերություններին և անհատներին ավելի դժվար կլինի վճարել ներմուծման համար և կանխիկ գումար ստանալ արտահանման համար, վարկ վերցնել կամ ներդրումներ կատարել արտասահմանում:

Ռուսական բանկերը վճարումների համար կարող են օգտագործել այլ ուղիներ, ինչպիսիք են հեռախոսները, հաղորդագրությունների հավելվածները կամ էլեկտրոնայան փոստը, դա թույլ կտա ռուսական բանկերին վճարումներ կատարել այն երկրների բանկերի միջոցով, որոնք պատժամիջոցներ չեն կիրառել, բայց քանի որ այլընտրանքները, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ արդյունավետ և ապահով կլինեն, գործարքների ծավալները կարող են նվազել և ծախսերն աճել:

Ինչպե՞ս Ռուսաստանի վրա SWIFT-ի արգելքը կազդի այլ երկրների վրա

Արտահանողները Ռուսաստանին ապրանք վաճառելը ավելի ռիսկային և թանկ կհամարեն:

Ռուսաստանը արտադրական ապրանքների խոշոր գնորդ է. Նիդեռլանդները և Գերմանիան նրա երկրորդ և երրորդ խոշոր առևտրային գործընկերներն են՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների, թեև Ռուսաստանը այս երկու երկրների արտահանման շուկայի առաջին տասնյակում չէ:

Ռուսական ապրանքների օտարերկրյա գնորդների համար նույնպես ավելի դժվար կլինի, ինչը կարող է նրանց ստիպել փնտրել այլընտրանքային մատակարարներ:

Իսկ երբ խոսքը վերաբերում է ռուսական նավթին և գազին, օտարերկրյա գնորդներին ավելի դժվար կլինի փոխարինող մատակարարներ գտնել:

Ռուսաստանը նավթի, բնական գազի և (հանածո) վառելիքի ԵՄ հիմնական մատակարարն է` ըստ Եվրոպական հանձնաժողովի:

Կապվա՞ծ է SWIFT-ը տնտեսական պատժամիջոցների հետ

SWIFT-ը ենթարկվում է Բելգիայի և Եվրամիության կանոններին, որոնք կներառեն տնտեսական պատժամիջոցներ:

SWIFT-ի կայքում ասվում է. «Չնայած պատժամիջոցները սահմանվում են անկախ աշխարհի տարբեր իրավասություններում, SWIFT-ը չի կարող կամայականորեն ընտրել, թե որ իրավասության պատժամիջոցային ռեժիմին հետևի»:

2012 թվականին Եվրամիությունն արգելեց SWIFT-ին սպասարկել իրանական ընկերություններին և անհատներին, որոնք պատժամիջոցների էին ենթարկվել Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված: Ցուցակում ներառվել են Կենտրոնական բանկը և այլ խոշոր բանկեր ևս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել