2011 թվականին, երբ ստեղծեցինք Razm.Infoն, հանկարծ հասկացանք, որ արդեն 20 տարի պատերազմող երկրում մասնագիտացված ռազմական լրատվամիջոց չկա։ Չկար նաև նեղ մասնագիտացված վերլուծական կենտրոն։ Մեդիադաշտում ռազմական թեմաներով խոսող հատուկենտ գիտակներ կային։
Ընդհանրապես, որպես ազգ մենք շատ «արխային» էինք։ Այն թվերին շատ էի սիրում զրույցներում հետևյալ օրինակը բերել. «Այս սրճարանից [գրասենյակից, փողոցից, կախված, թե այդ պահին որտեղ էինք] մինչև մոտակա դիրքերն ընդամենը 1 ժամվա ճանապարհ է ավտոմեքենայով»։ Զրուցակիցներիս դեմքը հանկարծ փոխվում էր, երբ սկսում էին այդ մասին մտածել։
Նույն ժամանակներից մի դեպք էլ եմ հիշում. մի աղջիկ, որ պատահաբար ներկա էր ռազմական թեմայով մասնագիտական քննարկման (խոսում էինք լայնածավալ պատերազմի դեպքում Թուրքիայի՝ Ադրբեջանին սպառազինություն և զինամթերք մատակարարելու ճանապարհների մասին), վատացավ, աչքերը լցվեցին, համարյա գոռալով ասաց. «Չեմ հասկանում, դուք ուզո՞ւմ եք պատերազմ սկսի»։
Այդպիսի արձագանքների էլի եմ հանդիպել. ինչ-որ ռիսկ ես քննարկում, մարդիկ ասում են. «Քննարկում ես, որ ի՞նչ անես, ես չեմ ուզում, որ այդպիսի բան լինի»։ Իրենց թվում է, որ եթե մի բան չեն ուզում, ուրեմն դա չի լինի։ Ասենք՝ եթե չմտածես պատերազմի մասին, ուրեմն պատերազմ չի լինի...
* * *
Ուկրաինացիները մեզնից ավելի անդարդ էին։ Այն աստիճան, որ 2013-ի աշնանը պլանավորած էր հրաժարվել պարտադիր զինծառայությունից, անցնել լրիվ պայմանագրային բանակին... Իսկ ամիսներ անց սկսվեց պատերազմը։
Ընդհանրապես խաղաղությունն այդպիսի հատկություն ունի. հենց մի քիչ երկարում է, մարդկանց սկսում է թվալ, թե այդ խաղաղությունը, անվտանգությունը երաշխավորված են։ Որ ինչ ձևով էլ գլուխդ պատին տաս, միշտ շտապօգնությունը ժամանակին կգա ու կփրկի։ Որ կապ չունի՝ բանակ ունես, թե ոչ, կռիվ չի կարող սկսվել, որովհետև դու ատում ես պատերազմը, իսկ թևիդ էլ պացիֆիկի դաջվածք կա, էլ ի՞նչ պատերազմ։
* * *
Համեմատաբար երկարատև (10–20 և ավելի տարի) ու զուգորդված համեմատաբար նորմալ կենսամակարդակով խաղաղ կյանքը մարդկանց մոտ լրիվ բթացնում է վտանգի զգացումը և ինքնապաշտպանական բնազդները (հիշեք մանկական սայլակներով փողոց փակող ժպտադեմ մայրիկներին)։ Մարդիկ իրենց անդարդ եվրոպացու պես են պահում, նույնիսկ երբ պատերազմն իրենց տնից 60 կմ է հեռու։
Բացի այդ շարքային քաղաքացին, լինի նա Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում կամ այլուր, չի կարողանում հասկանալ իրարից շատ հեռու թվացող վայրերում իրադարձությունների կապը և դրանցից բխող հնարավոր ռիսկերը։ (Իսկ ոչ մեծ թվով հետաքրքրվողներից շատերն էլ փորձում են հասկանալ, բայց փոխարենը ընկնում են դավադրապաշտության գիրկը)։
Օրինակ՝ մեզանից շատերը չէին հասկանում, թե ինչպես կարող է ազդել մեր վրա Եգիպտոսում, Լիբիայում, Իրաքում կամ Սիրիայում կատարվողը։ Նույնիսկ քարտեզին նայելով քչերն են փորձում Հայաստանից Իրաք մտովի ուղիղ գիծ տանել և հեռավորությունը չափել։ Նույն կերպ շատերը չէին հասկանում, թե ինչ կապ ունեն Ղրիմում և Դոնբասում իրադարձությունները Հայաստանի անվտանգության հետ։
Հակառակ օրինակ. Կիևում ապրող երիտասարդն էլ չէր հասկանում, թե 44-օրյա պատերազմի ելքն ինչ կապ կարող է ունենալ իր ապագայի հետ։ Ու հրճվում էր ադրբեջանական բանակի հաղթանակների լուրերից։
Եւ ամենակարևոր օրինակը. վերջին 8 տարում այսքան ցնցումների և ողբերգությունների միջով անցնելուց հետո էլ շատերս շարունակում ենք չհասկանալ, որ Ուկրաինայում այսօրվա պատերազմը շատ ուղիղ ազդեցություն կարող է ունենալ նաև մեր վրա։
Այնպես որ պետք չէ գայթակղվել ցինիկ կողմնակի դիտորդի հարմարավետ կերպարով, չի կարելի տրվել չարախնդության մեղքին, թե բա. «Ահահա, ձեզ հասնում ա»։
Քանզի թշնամու կամակատար այս իշխանություններով բացարձակապես չենք կարող վստահ լինել, թե վաղը կամ մյուս օրը որ երկրի դրոշն է բարձրանալու ՀՀ կառավարության շենքի գլխին։
* * *
Նույն կերպ էլ չենք կարող աչքներս փակել ու ասել. «Ես ատում եմ պատերազմը, ուրեմն պատերազմ չի լինի», կամ էլ. «Ես զզվում եմ քաղաքականությունից, քաղաքականությամբ այլևս չեմ հետաքրքրվելու»։
Ուկրաինայի փորձը հերթական անգամ հաստատում է այն, ինչը մենք առանց այն էլ պիտի որ լավ սովորած լինեինք. քաղաքականությունը չի կարելի վստահել խեղկատակներին, դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ։
Այնպես որ հաջորդ անգամ, երբ հնարավորություն առաջանա իրենց ազգն ատող և թշնամու հրահանգները կատարող խեղկատակներից ազատվելու, պետք չէ այդ շանսը վատնել, ընդհաառակը՝ պետք է գիտակցել նաև ամեն մեկիս անհատական պատասխանատվությունը երկրի գլխին եկածի ու գալիքի համար։
Peace!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/5140356079335881
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել