1in.am-ը գրում է.
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպեց մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ և անդրադարձավ վերջին շրջանում բուռն քննարկումների արժանացած բուհերի վարձավճարների խնդրին:
Նրա մեկնաբանությամբ՝ անկախ այն բանից՝ վարձերը կբարձրացնեն, թե ոչ, ուսանողական խնդիրները արդիական են, և բոլոր ժամանակներում էլ ուսանողները եղել են խոցելի խումբ. «Մեր առաջին խնդիրն է դիտարկել ուսանողների սոցիալական ապահովվածության խնդիրը: Ոչ մի լավ սովորող ուսանող դուրս չի մնալու բուհերից՝ ուսման վարձը չմուծելու պատճառով»:
Արմեն Աշոտյանը ներկայացրեց այն բոլոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից գործելու են բուհերում: Նրա հավաստմամբ՝ մի շարք կատեգորիաների ուսանողներ օգտվելու են զեղչային համակարգից, իսկ զեղչերը կլինեն մինչև 100 տոկոս. «Սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կսովորեն հիսունից հարյուր տոկոս զեղչային համակարգում: Կտրվեն արտոնյալ ուսանողական վարկեր՝ տասներկու տոկոս տոկոսադրույքով, մարման ժամկետը՝ տաս տարի»:
Նախարարն ասաց, որ հիսուն տոկոս զեղչերից կօգտվեն տասնութ տարին լրացած առանց ծնողական խնամքի ուսանողները, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները, սահմային գյուղերի կամ բարձր լեռնային շրջանների գրանցում ունեցողները և այլն:
Նա նշեց, որ արդեն աշխատանքային կապի մեջ են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ:
Դիմելով ուսանողներին` Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը վստահ է՝ նրանք չեն ծառայելու ոմանց քաղաքական վարկանիշները բարձրացնելու անշնորհակալ գործին. «Մենք ձեզանից օգտվելու ցանկություն չունենք՝ ի տարբերություն մի քանի քաղաքական ուժերի: Թույլ չտաք, որ ինչ-որ մեկն օգտագործի ձեզ»:
Վերջում նա հավելեց, որ ուսանողական ավան կառուցելու ցանկություն կա, որտեղ միաժամանակ և՛ կապրեն, և՛ կսովորեն. «Դա հնարավորություն կստեղծի լուծել ինչպես հանրակացարանների, այնպես էլ մարզերից եկող ուսանողների խնդիրը»: