24News.am-ը գրում է.

24News-ը զրուցել է «Արմնյուզ» հեռուստաընկերության նախկին համասեփականատեր Արման Սաղաթելյանի հետ:

-Պրն. Սաղաթելյան, արդեն մի քանի օր է Արմնյուզ հեռուստաընկերությունը եթերում չէ։ Պոստ-ֆակտում, ինչ եք մտածում այս առիթով և ինչ ծրագրեր ունեք առաջիկայում։ 

-Էմոցիանալ առումով ամեն ինչ շատ պարզ է՝  իհարկե մեծ ցավ ու ափսոսանք, իսկ երբ ռացիոնալ ես դատում, հասկանում ես, որ կայացրել ենք ճիշտ որոշում։ Քաղաքական և հանրային դաշտի բացարձակ անտարբերությունն ու արագ մոռանալը, նշանակում է, որ չհիմնավորված մասնակցությամբ ընտրություններում պարտությունից հետո Արմնյուզը ոչ մեկին պետք չէր։ Այն այլևս ինքնանպատակ էր։ 

Թերևս միակ կազմակերպությունը, որ այս ընթացքում իրեն կոռեկտ և պրոֆեսիոնալ դրսևորեց՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն էր ու դրա ղեկավար Տիգրան Հակոբյանը։ Նրանք կոլեգիալ էին։ Իսկ դրանից զատ, պետք է արձագանագրել, որ Հայաստանի 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ ընդդիմադիր ալիքը փակեց ոչ թե իշխանությունը կամ հանձնաժողովը, այլ համատարած խորը անտարբերությունը, հատկապես` ընդդիմադիր կամ իրենց քաղաքական ուժի տեղ դրած օլիգարխիկ բևեռների` ավելի լուրջ կշռելու անկարողությունը։ Սա է դառը ճշմարտությունը։

Ինչ վերաբերում է մեր ապագա ծրագրերին, ապա մեր քաղաքական թիմի անունից վստահաբար ասում եմ. մենք որպես միասնական թիմ Հայաստանում որևէ ծրագիր չունենք: Հետևաբար մենք որոշել ենք, որ Արմնյուզ անունով հեռուստաընկերություն այլևս չի լինի, իսկ Tert.am կայքը և Արմնյուզ ռադիոն թողել ենք այդ լրատվամիջոցների գործադիր ղեկավարներին, ովքեր էլ կստանձնեն այդ ընկերությունների սեփականության իրավունքը և կտնօրինեն դրանք։ 

-Այդ դեպքում Tert.am-ում ու ռադիոյում բովանդակային փոփոխություններ լինելո՞ւ են:

-Ազնիվ՝ չգիտեմ: Մեր նախկին գործընկերներն ունեն բավարար փորձ և կարողություններ՝ ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ լրագրողական աշխատանքի: Իրենց գործն է՝ ինչպես շարունակել: Մենք պրոֆեսիոնալ կադրերից բաղկացած լավ թիմ ենք ունեցել և համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը մեծ առաջընթաց կունենա` որտեղ էլ որ հայտնվի: Ի սրտե հաջողություն եմ մաղթում նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել