Տղայի սիրտը հիվանդ էր:
Բժիշկները նրան արգելել էին «օգտագործել» սիրտը:
Միշտ տխուր էր, չէ՞ որ առանց սիրտն օգտագործելու դժվար է ապրել:
Բայց մի օր, ավելի ճիշտ գեղեցիկ օր, մի աղջիկ ասաց:
- Դա ի՞նչ է որ, ես քեզ կտամ իմ սիրտը, այն կբավականացնի երկուսիս:
Նա առանց տատանվելու մեկնեց տղային իր բյուրեղապակյա սիրտը:
Կարծես ամեն ինչ ընկավ իր տեղը:
Տղայի սիրտը պահարանի վրա գրավեց իր պատվավոր տեղը:
Իսկ աղջկա սիրտը նա կարմիր թելով կապեց ու կախեց վզից:
Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ նրա ընկերները սկսեցին ձեռք անել նրան` համարելով կարմիր թելով վզից կախված սիրտը կանացի վարմունք:
Տղան աղջկա սիրտը տեղափոխեց գրպանը:
Քանի որ այն չէր երևում ու միշտ էլ կմնար իր հետ, տղան հանգստացավ:
Սկզբից այդ գրպանում ոչինչ չէր դնում, հետո կամաց-կամաց սկսեց այնտեղ դնել մեքենայի բանալին, չէ՞ որ դա էլ կարևոր բան էր, հետո փող, հետո մանեկ և ուրիշ պետքական կամ անպետք իրեր:
Աղջկա սիրտն ամեն քայլափոխի շփվում էր տարբեր իրերի հետ, քերծվում, կեղտոտվում, բայց դիմանում էր` մտածելով, որ ոչինչ, միայն թե տղային լավ լինի:
Մի օր էլ տղան որոշեց դատարկել գրպանը` ավելորդ իրերից ազատվելու համար:
Ամբողջ պարունակությունը թափեց հատակին:
Կարմիր թելը խճճվել էր տարբեր իրերի մեջ:
Երբ ուժգին քաշեց թելն ազատելու իրերից, թելը կտրվեց, ու ինչ-որ բան, ընկնելով հատակին, տարօրինակ ձայն հանեց:
Սկզբից չհասկացավ, թե ինչ եղավ, զգաց դատարկություն ու ինչ-որ տեղ պահարանի վրա լսեց սեփական սրտի թույլ ու անօգնական ձայնը:
Ինչո՞ւ այսպես ստացվեց:
Փոքրիկ բյուրեղապակյա սիրտն ընկավ ու կոտրվեց` բաժանվելով բյուր թափանցիկ արցունքների:
Սկզբից ցավաց, հետո առաջացավ դատարկություն:
Դատարկությունն ավելի վատ է, քան լռությունը, որտեղ արձագանք չկա:
Հետո այդ բյուր կտորները սառեցին, դարձան սառցե մանր կտորներ ու իրենց սուր մասերով սկսեցին ծակծկել հոգին:
Ցավն այնքան անտանելի էր, որ քիչ էր մնում` հասցներ խելագարության:
Բղավոցն էլ բարձր էր այն աստճանի, որ չկարողացավ կոկորդով դուրս գալ ու նորից ետ գնաց:
Ե՛վ ցավն էր խեղդում, և՛ բղավոցը:
Աղջկա սիրտը դիմանալու համար շատ փոքրիկ էր ու փխրուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/518573718215602
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել