PanARMENIAN.Net -ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր բուհերի ուսանողական խորհրդների անդամների հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ վարձավճարների բարձրացումն ուղղված չէ ուսանողների դեմ: «Ուսանողների վրա ավելի մեծ գումար կծախսվի, քան նրանց վարձավճարն է»,-ասել է Արմեն Աշոտյանը:
Ըստ նախարարի, ոչ մի ուսանող չի հեռացվի բուհից վարձավճարը չմուծելու համար. այդպիսի ուսանողների համար զեղչերի համակարգ կգործի: Արմեն Աշոտյանը հավելել է նաև, որ օրինագիծ է նախապատրաստվել, ըստ որի ընտանիքների որոշ շերտեր 20-50 տոկոս զեղջի իրավունք կստանան:
«Սեպտեմբերի 1-ից այն ուսանողների համար, որոնք անապահով ընտանիքներից են և ընդգրկված են «Փարոս» համակարգում, պետությունը նախատեսել է 50-100 տոկոս զեղչ»,-ասել է Արմեն Աշոտյանը:
Նա նաև նշել է, որ վարձավճարների բարձրացումից հնարավոր չէր խուսափել: Ըստ Աշոտյանի, դա թույլ կտա բարձրացնել ուսման որակը Հայաստանում, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ոչ միայն զեղչեր կստանան, այլ նաև պահանջված ու մրցունակ կլինեն:
Այն հարցին, թե ինչ փոփոխություններ են ակնկալվում առաջիկայում, Արմեն Աշոտյանն ասել է, որ շուտով նախատեսվում է ուսանողական ավան կառուցել, որը մեկ այլ խնդիր կլուծի, որ հուզում է ուսանողներին՝ ուսանողական հանրակացարանների խնդիրը: