Միանգամից ասեմ. գերության մեջ հայտնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցները» չեմ դիտել: Ընդունում եմ, զուտ մասնագիտական առումով, միգուցե այնքան էլ ճիշտ չեմ վարվել: Բայց ես չեմ դիտել գիտակցաբար: Ու չեմ էլ պատրաստվում դա անել: Գերության մեջ հայտնված, այն էլ՝ ադրբեջանաթուրքական ճիվաղների ձեռքն ընկած մարդը ի՞նչ պիտի ասի: Կամ կյանքի գնով պիտի լռի, կամ...

Նրանց, ովքեր այնքան «խելացի» են, որ չեն հասկանում՝ գործ ունեն թշնամական երկրի պաշտոնական քարոզչության հետ` ի դեմս տիրաժավորված այդ հարցազրույցների, նրանց ուղղակի իմաստ էլ չունի ինչ-որ բան բացատրել: Իսկ նրանք, ովքեր այդ թշնամական քարոզչանյութերը տարածում են մեր տեղեկատվական-քարոզչական հոսքերում, ըստ էության, իրենց պահում են որպես ալիևյան ագիտպրոպի նվիրյալ ծառաներ ու սպասարկուներ: Եվ հեչ կապ չունի՝ դա անում են գիտակցաբա՞ր, թե՞ անուղեղության պատճառով:
Ինձ համար սա պարզ ու հստակ հարց է: Ու սա այն հարցերից է, որտեղ կուսակցական, քաղաքական, գաղափարական կողմնորոշումներն ու համոզմունքները, իշխանության կամ ընդդիմության նկատմամբ անհատի վերաբերմունքը կապ չունեն: 
Ոմանք այն աստիճան ցինիզմի են հասել, որ բացարձակ կախվածության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ասածների վրա հիմնվելով ոչ միայն երկար-բարակ դատողություններ են անում նրա մասին, այլև ինչ կեղտոտ բառ ասես, որ չեն գործածում: Եվ դա անում են իրենց տանը, բազմոցին հանգիստ նստած վիճակում: Ստեղների տակ ոսկոր չկա, պլաստիկ զսպանակ է, կդիմանա: 
Ընդհանրապես, Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված, նորմալ հասարակության պայմաններում հրատապ և օրակարգային պետք է լիներ միայն մի քանի կոնկրետ հարց.
1. Ի՞նչ և ինչպե՞ս անել, որ գերության մեջ հայտնված մեր զինվորը ողջ և հնարավորինս անվնաս վերադառնա: 
2. Ի՞նչ քայլեր ձեռնարկել ու նախաձեռնություններ դրսևորել «էշի» նավթադոլարոտ ականջում քնած ձևացող միջազգային կառույցներին ակտիվացնելու համար: 
3. Անընդհատ, բոլոր հնարավոր եղանակներով բարձրաձայնել ադրբեջանական ստահակների կողմից միջազգային իրավունքի նորմը կոպտորեն խախտելու փաստը, այն դարձնել միջազգային կազմակերպությունների օրակարգի հարց: 

***
Այստեղ միտումնավոր շրջանցում եմ այն, թե ինչ քայլեր են կատարում պետական կառույցները: Կարծում եմ, որ համապատասխան կառույցները կատարում են, պարտավոր են կատարել բոլոր այն քայլերը, որ պահանջվում են նման իրավիճակներում: Թերևս կարելի է պահանջել, որ ԱԳՆ-ն շատ ավելի ագրեսիվ ու նախաձեռնող լինի, չքնի: Ինձ այս դեպքում ավելի շատ հետաքրքրում է այն, թե ունի՞ մեր հասարակությունը Հայաստանում և «ի սփյուռս աշխարհի» նման քայլեր անելու բավարար ռեսուրսներ: 
Ունի: Անո՞ւմ է: Չի՛ անում: 
Ինչո՞ւ չի անում, արդեն լրիվ այլ հարց է: 
Մի վերջին անգամ հորդորում եմ՝ մի՛ տարածեք թշնամական քարոզչամեքենայի պատրաստած նյութերը, մի՛ նպաստեք թշնամու քարոզչության տարածմանը, եթե իհարկե, ձեզ այդ թշնամու գործակալը, դաշնակիցը ու «դոստը» չեք համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել