Ինչպես հայտնում է «The Daily Mail» պարբերականը, հանցագործին, որը պարբերաբար սեռական բռնության է ենթակել 14-ամյա աղջկան, չեն կարողացել կանգնեցնել սոցիալական ծառայության աշխատակիցները, ովքեր տեղյակ են եղել դրա մասին:
Ինչպես պարզ է դարձել գաղտնազերծված փաստաթղթերից, սեռական բռնության ենթարկված զոհը` Ջեսիկան, ով երկու անգամ հղիացել է, փախել է տնից և կիսամերկ վիճակում գտնվել երկու երեխաների հայր, ամուսնացած Արշիդ Հուսեյնի անկողնու տակ, սակայն ոստիկանությունը ձերբակալել է աղջկան, իսկ տղամարդուն ազատ արձակել:
Այն ժամանակ` 24 տարեկան հասակում, Հուսեյնը մեղադրվել է կողոպուտի և անկարգության համար, սակայն Րոթերհեմի սոցիալական ծառայության աշխատակիցները Ջեսիկայի մորը պնդել են, թե չեն կարող կանգնեցնել այդ հարաբերությունները, քանի որ աղջիկը դրան «ինքնակամ» է գնացել:
«The Times» լրատվականը երեկ պարզել է, որ Հուսեյնը երբեք երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար չի հետապնդվել, սակայն այժմ` 14 տարի անց, ընթանում է հետաքննություն: Ժամանակին նա գրանցված էր սոցիալական ծառայության փաստաթղթերում որպես մեկն, ով մինչև 40 աղջիկների հետ էր մտերմացել ու խաբել, իսկ տասնյակից ավելին հավատացած էին, թե վերջինս նրանց «փեսացուն» է:
«The Times»-ի հետ զրույցում, անդրադառնալով ձերբակալության օրվան, Ջեսիկան (իսկական անունը չէ) նշել է, թե այդ օրը նա Արշիդի հետ է եղել անկողնում, և երբ ոստիկանությունը ժամանել է, տղամարդը խուճապի մատնվելով հագել է տաբատը, իսկ ինքը հասցրել է ներքնազգեստ հագնել ու թաքնվել մահճակալի տակ: Սակայն ներս մտնելով` ոստիկանները նկատել են նրա ոտքն ու պահանջել, որ դուրս գա:
Ձերբակալվելուց հետո Արշիդը բաց է թողնվել, քանի որ ոչ մի փաստարկ չկար, որ աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել:
Դեպքը, որ պատահել է Անգլիայի Հարավային Յորքշայրի Րոթերհեմ քաղաքում, որտեղ դեռահասների` վաղ սեռական կյանքով ապրելը խիստ տարածված երևույթ է, ևս մեկ օրինակ է, որ տեղական իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում երեխաներին, ովքեր համարվում են բնակչության խոցելի մաս:

Րոթերհեմ, Հարավային Յորքշայեր, Անգլիա
Պարզվել է, որ տեղական խորհրդի փոխնախագահը` Ջագանջիր Ախթարը, ով Հուսեյնի հետ բարեկամական կապ ունի, տեղյակ է եղել այս հարաբերության մասին:
«The Times»-ի հետաքննող լրագրող Էնդրյու Նորֆոլքը նշում է, թե երբ Ջեսիկան կորած էր համարվում, Ախթարը պայմանավորվածություն է ձեռք բերում Հուսեյնի հետ, որ նա երեխային կհանձնի ոստիկանությանը, և նրան չեն ձերբակալի:
Այնուամենայնիվ, Ախթարը հերքում է այս տեղեկատվությունը` նշելով, թե նա նույնիսկ տեղյակ չի եղել այդ աղջկա մասին:
Ջեսիկան պատմել է, որ նրանք հանդիպել են 1999թ.` իր 14-րդ տարեդարձից մի քանի օր հետո, երբ տղան իր համար ուտելիք է գնել, որպեսզի միասին գնան անտառ: Դրանից հետո նրանք շարունակել են պարբերաբար հանդիպել: Արդեն 2000թ.-ի հունիսին ոստիկանությունն ու սոցիալական ծառայությունները իրենց զեկույցներում նշում են, որ այդ ժամանակ 15-ամյա աղջիկն ու տղամարդը սեռական հարաբերություններ են ունենում, և հնարավոր է, որ աղջիկը սեռական ոտնձգության զոհ դառնա: Աղջկա ծնողները չեն կարողանում նրան հետ պահել: Ինքը` Ջեսիկան, նշում է, թե նա կարծում էր, որ կամուսնանա Արշիդի հետ, և որ չգիտեր, թե նա արդեն ամուսնացած է ու միայն հիմա է հասկանում, որ խաբվել է ու բռնության ենթարկվել:
Իսկ ոստիկանությունն ու սոցիալական ծառայությունները չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել այն բանի համար, ինչը տեղի է ունեցել տարիներ առաջ:
Պարզ է դարձել սակայն, որ երբ աղջիկը սոցիալական ծառայության խնամքի տանն է եղել, ոճրագործը այդ վայրի աշխատակիցների համաձայնությամբ հնարավորություն է ունեցել բջջային հեռախոսով կապվել երեխայի հետ` նրա հետ պայմանավորվելու, որ կդիմավորի իրեն այնտեղից դուրս գալուց հետո: Նա նաև հնարավորություն է ունեցել այցելելու աղջկան այդ վայրում:
Հարավային Յորքշայրի ոստիկանության խոսնակը նշում է, որ ափսոսում ու ցավում է «The Times»-ում հրապարակված այս «պատմական» դեպքի համար, սակայն չի կարող այժմ որևէ մեկնաբանություն թողնել, մինչև որ հետաքննությունը չավարտվի:
Անցած տարի էլ պարզվել էր, որ մոտ տասնամյակ շարունակ պակիստանցի հանցավոր մի խումբ սպիտակամորթ աղջիկների սեռական ոտնձգությունների է ենթարկել, իսկ ոստիկանությունն այդ մասին «չի իմացել»:
Հետաքննություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղական մարմինները փորձում են կոծկել ռասայական հողի վրա տեղի ունեցող բռնությունները:
Ամեն դեպքում, 2002-ին տեղի ունեցած հանցագործությունը անտեսվել է ոստիկանության կողմից, և Արշիդ Հուսեյնի դեմ ոչ մի փաստ դեռևս չկա:



