Emedia.am-ը գրում է.

Միջազգային գլխավոր իրադարձությունների զարգացումներին փոքրիշատե հետևող ամեն գրագետ մարդ գոնե մեկ անգամ կարդացել է Ջուլիան Ասանժի, Էդուարդ Սնոուդենի, Բրեդլի Մենինգի կամ Աարոն Շվարցի անունները, սակայն թե ի՞նչ են արել և ովքե՞ր են նրանք, մեծ հաշվով անհասկանալի է մարդկանց լայն շրջանակի համար։ Առավել ևս Հայաստանում ապրող համացանց օգտագործողների համար, դրանք արևմտյան հասարակության ճակատագրեր են, որոնք որևէ կերպ կապ չունեն Հայաստանի ու հայերիս հետ, այն ինչ մեկ անգամ չէ, որ Wikileaks-ի գաղտնազերծված փաստաթղթերում հիշատակվել են քաղաքական ու գործարար շրջանների հայազգի ներկայացուցիչներ, որոնց շուրջ ծավալված զարգացումներն այս ու այն չափով «բացել են մեր փակ աչքերը»։

Կարող եք հարցադրում անել, ո՞րն է այս ամենի նշանակությունը, իմաստը՝ կորիզը մեծ հաշվով։ 
Օգոստոսի 22-ին ռուսական RussiaToday միջազգային հեռուստաալիքի ուղիղ եթերը, մի փոքր «շեղվեց»։ Բրեդլի Մենինգի դատավճռի կապակցությամբ ստուդիա հրավիրված հյուրերից՝ լրագրող Ջեյմս Կիրչիկը, ում ներկայությունն ապահովվել էր համացանցի միջոցով ու մեծ էկրանի վրա դուրս բերվեց նրա վստահ կերպարը, բոլորն անակնկալի եկան...։ Նա շնորհակալություն հայտնեց իրեն խոսք տրամադրելու համար, այդ ընթացքում ուղղելով իր տաբատակալը (подтяжки), որը սեռական փոքրամասնությունների աշխարհահռչակ ծիածանագույն դրոշակի ձևով էր արված, սկսեց խոսել Ռուսաստանում Պուտինի կողմից վերջերս հաստատված սեռական փոքրամասնությունների հարաբերությունների քարոզչության դեմ օրենքի ընդունման անընդունելիության մասին։ Ուղիղ եթերին ներկաները համբերատար սպասեցին՝ ընդհատելով միայն մեկ անգամ. «իսկ Դուք չունե՞ք խոսք ասելու Բրեդլի Մենինգի դատավճիռի մասին, մենք հավաքվել ենք այդ նպատակով...»։ Ջեյմսը ինքնավստահ պնդեց, որ՝ ո´չ, քանի որ դա պարզապես ռուսական քարոզչական հեռուստաալիք է ու ընդհամենը. «Դուք պարզապես դա շահարկում եք՝ որևէ կերպ չանդրադառնալով Ձեր երկրում իսկ մարդու իրավունքների սահմանափակումների մասին»:

Այն, որ RussiaToday-ը հստակ հակաամերիկյան ուղղվածություն ունի, դա նորություն չէ, սակայն և առավել նորություն չէ այն, որ ամերիկյան բոլոր միջազգային լրատվականներն ու հեռուստաալիքները որոշ չափով ծառայում են իշխանություններին և ունեն հստակ հակառուսական դիրքորոշում։ Ցավոք, այս պատմությունն ունի մեկ հստակ հակասություն. Լրագրող, համատեղման կարգով նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դիրքներից հանդես եկող ակտիվիստ Ջեյմս Կիրչիկը երևի թե այդպես էլ չի հասկանա երբևիցե, որ իր խոսքով նա դեմ էր դուրս գալիս ինքին մարդու հիմնարար իրավունքների։ Խոսելով սեռական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումների մասին Ռուսաստանում, նա անարգեց երիտասարդ սպայի՝ մարդու, ով մեր հասարակության համար բացել էր ամերիկյան գաղտնի ծառայությունների անսահման անօրինությունները, որոնք ի դեպ, ոչ թե պարզապես ներամերիկյան խնդիր են հանդիսանում, ինչպես Պետդումայի ընդունած օրենքը Ռուսաստանի համար, այլ ունեն համաշխարհային ընդգրկում։ 

Ի հավելումն Ջեյմս Կիրչիկի «սխրագործության»՝ անտեղի չի լինի վերհիշել 2008 թվականին պատահած դեպքը Fox News հեռուստաալիքով, երբ հենց Վրաստանում սկսած պատերազմից հեռուստատաղավար էին ժամանել հյուրեր Հարավային Օսիայից՝ 12 ամյա աղջնակ Ամանդա Կոկոևան ու նրա մորքույրը։ Երբ վերջիններիս խոսքը հասավ պատերազմի մեղավորներին ու Սահակաշվիլու սանձազերծած ռազմական գործողություններին, հաղորդավարը որոշեց ընդհատել եթերն՝ անցնելով գովազդի ու ընդհատումից հետո սկսեց հաշվել 30 վայրկյանը, իբր թե տրամադրելով բարձրաձայնել այն ամենն ինչ ցանկանում են ասել պատերազմից մազապուրծ եղած օսեթինները։ Վերջում Fox News-ի լրագրողն իրենից հավելեց. «այո´, դա այն ամենն է, ինչ ցանկանում են ասել ռուսները»։ Զուտ համեմատական անցկացնելով երկու դեպքերի միջև՝ կարելի է ցավակցել Ջեյմս Կիրչիկին այն ազատ խոսքի մակարդակի համար, որը գոյություն ունի երկու քարոզչական հեռուստաալիքներում։ Russia Today-ում ոչ ոք նրա խոսքը չընդհատեց գովազդով, ոչ ոք նրան չկշտամբեց հռետորական հայտարարությամբ, էլ չենք խոսում այն մասին, որ անհամեմատելի են զոհերի մասին ճշմարտության բարձրաձայնումն ու սեռական փոքրամասնությունների իրավունքների ենթադրյալ սահմանափակումների մասին ճառը։ 

Մնում է մենք էլ հռետորական հարցադրմամբ հանդես գանք՝ իսկ հնարավոր է՞ Fox News-ում պարզապես անջատեին ուղիղ եթերը, եթե հյուրերի հետ կապը հաստատված լիներ համացանցով, ինչպես Russia Today-ի դեպքում. «Շառից փորձանքից հեռո՜ւ»,- ինչպես ընդունված է ասել մեզ մոտ։ 
Դեպքն իրապես խորհրդանշական է ու ընդգծում է արդի աշխարհում մարդկանց մոտ ազատությունների ընկալման սանդղակն ու չափման միավորները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել