Բանավեճի ամենատարրական պայմանը հետևյալն է.
«A անձնավորությունը լավ X է». այս ելակետային դատողությունը վիճարկելիս պետք է հիմնավորել հենց այս դատողության սխալ լինելը, ոչ թե ասել. «A անձնավորությունը վատ Y է (ուշադիր` X հատկանիշի փոխարեն այլ` Y հատկանիշ)», կամ «A անձնավորությունը B անձնավորության բարեկամն է»: Սա էնքան տարրական բան է, որ պիտի այդ մասին առհասարակ չխոսվեր էլ: 

Ամեն անգամ, երբ խոսք է բացվում այն մասին, որ Սիրուշոն լավ երգչուհի է, անպայման գտնվում է մեկը, ում ֆազերը գցում են. «Սիրուշո՞ն է լավ երգչուհի», «իրական հայկական Կոմիտասին աղավաղելը անբարոյականություն է ու դավաճանություն», «մոռացե՞լ եք` ով ա նրա սկեսրայրը», «սկեսրայրի փողերով առաջ գնաց», «լավ ձայնը ու փողերը ԲՈՇԱՅԻՆ երգիչ չեն դարձնում» և այլն, և այլն: Ու այդ խոսքերին, իհարկե, անպայման հաջորդում են ինկվիզիտորական զեղումներ… 

Սիրուշոյի հայտնի տեսահոլովակն է, իհարկե, հիմնական թիրախը: Ես ոչ այդ երգի որակը կքննարկեմ, ոչ էլ տեսահոլովակինը: Միայն կասեմ, որ այնտեղ ոչ մի սրբապղծություն կամ անբարոյականություն չեմ տեսնում: Ինձ համար անտանելի են այն ՌԱԲԻԶ (այս բառի ՌԱԲԻԶ իմաստով) երգերի տեսահոլովակները, որոնք ճպճպում են շքեղ մեքենաների ճղճիմ ցույցերով ու վուլգար հագնված աղջիկների հղփացած ու անիմաստ պարով: Իսկ Սիրուշոյի այս կամ իմ տեսած մյուս տեսահոլովակներում նման պախարակելի բաներ չեմ տեսել: 

Կքննարկեմ երկու սկզբունքային հարց.

1) սրբապղծությու՞ն է արդյոք դասականներին «կպչելը».

2) արդյո՞ք կոմերցիալիզացիան երգչին դարձնում է վատ` պրոֆեսիոնալության, վարպետության տեսանկյունից: 

Բազմաթիվ մեծ արվեստագետներ են վերաձևել` յուրովի մեկնաբանել դասականների գործերը և դրանք սինթեզել ժամանակակից մոտիվների հետ: Չիկ Կորեան` աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկը, վերամեկնաբանել է «Կարմեն»-ը: Չափազանց տարբեր է օրիգինալից: Կարելի է հավանել կամ չհավանել: Բայց չեմ կարծում, թե որևէ խելացի մարդ Չիկ Կորեային քարկոծի այդ «սրբապղծության» համար, հայհոյի նրա ազգուտակը, կամ էլ նրան համարի վատ երաժիշտ: Շատ է խոսվել այն մասին, որ Խորեն Աբրահամյանը «Պեպո»-ն նորովի է բեմադրել, ժամանակակից համատեքստում: Դա սկանդալ էր առաջացրել: Ես ներկայացումը չեմ տեսել ու դատողություններ չեմ անի դրա մասին: Ես միայն այն գիտեմ, որ դրանից Խորեն Աբրահամյանը վատ արվեստագետ չդարձավ:

Շատ փորձեր են արվել նաև ազգային ու ժամանակակից տարրերի սինթեզման ուղղությամբ: Մի փորձ կարող է հաջողված համարվել, մեկը` անհաջող. բայց նման փորձերի կամ ստեղծագործական որոնումների պատճառով հեղինակը վատ արվեստագետ չի դառնում, նրա պրոֆեսիոնալ որակները չեն փոխվում: Մի՞թե Կ. Օրբելյանի «Նազան յար»-ը անբարոյականություն է:

Կա՞ արդյոք կոմերցիա Սիրուշոյի տեսահոլովակում, կամ` շա՞տ են արդյոք կոմերցիոն տարրերը: Ես սա էլ չեմ քննարկի: Ենթադրենք` կան նման տարրեր: Կոմերցիան, այո, զզվելի բան է, երբ ներծծվում է կինոյի ու սպորտի աշխարհը: Բայց մի՞թե արվեստագետներից կամ սպորտսմեններից շատերը կարող են խուսափել կոմերցիայի աշխարհից: Կամ մի՞թե այս կամ այն կերպ այդ աշխարհին առնչվելու հիման վրա նրանց կարելի է համարել վատ արվեստագետ կամ սպորտսմեն: 

Չեմ պատկերացնում, որ որևէ մեկն ինձնից շատ սիրի կինոարվեստը: Բայց ես զզվում եմ այն փաստից, որ, օրինակ, Ջուլիա Ռոբերտսը մեկ ֆիլմից կարող է ստանալ ավելի քան տասը միլիոն դոլար: Էս սոված ու թշվառ մոլորակի վրա դա անհեթեթ փաստ է, աղաղակող ու անբարոյական: Բայց մի՞թե այդ փաստը Ջուլիա Ռոբերտսին դարձնում է վատ դերասանուհի: (Ի դեպ` սովետական շատ դերասանուհիներ, օրինակ` «Мачеха» և «Любовь и голуби» ֆիլմերի արտիստուհիները, իմ համոզմամբ, իրենց պրոֆեսիոնալիզմով հեչ պակաս չեն (ես կասեի` նույնիսկ ավելին են) հոլիվուդյան աշխարհահռչակ արտիստուհիներից: Բայց դա արդեն այլ հարց է):

Ես ֆուտբոլը պաշտում եմ (մանկությունից էլ անունս Պելե է ): Բայց ես ԶԶՎՈՒՄ եմ, երբ կարդում եմ` այսինչ ֆուտբոլիստին գնեցին տասը միլիոն դոլլարով: Մեր Հենոն կլինի (ցավն էլ տանեմ), թե այլ ֆուտբոլիստ` դա կապ չունի: Որովհետև ես էլի չեմ կարողանում մոռանալ այն փաստը, որ էս մոլորակը սոված է ու թշվառ: Բայց մեկ է, այդ փաստից տվյալ ֆուտբոլիստի վարպետությունը կամ պրոֆեսիոնալիզմը չի իջնում: 

Բեյոնսեին կարելի է մեղադրել նրա բրախված պահվածքի համար ու կարելի է զզվել Ֆրեդի Մերկուրիի հոմո լինելու հանգամանքից. կարելի է նաև չսիրել նրանց ոճը կամ տարբեր բաներ: Բայց մի՞թե գոնե մի առողջ ականջ ունեցող մարդը կարող է չընդունել, որ նրանք շատ տաղանդավոր երգիչներ են: Իսկ որո՞նք են խեղճ Սիրուշոյի մեղքերը…

Կարճ ասած` պետք չի օղին խառնել կոնյակի հետ, ու պետք չի էդքան տենդենցիոզ լինել: Սիրուշոն բարձրորակ երգչուհի է, ու այստեղ ոչ նրա սկեսրայրը կապ ունի (մութ անձնավորության ստվերը չպիտի ընկնի նրան շրջապատողների վրա), ոչ էլ նրա որևէ տեսահոլովակի (ըստ ձեզ) հաջող կամ անհաջող լինելը: Ճիշտ ինչպես` Ռուբեն Հախվերդյանը կենդանի դասական է, ու նրա խմող լինելը կամ որևէ անզգույշ կամ նույնիսկ սխալ արտահայտություն չի կարող փոխել դա:

Հ.Գ. Այս գրառումս ընկերներիս ու հավասարակշռված մարդկանց համար է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել