Hraparak.am-ը գրում է․

Երեկ Երեւանը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանին։ Ողջ երաժշտական հանրությունը սգում էր՝ Արթուր Գրիգորիչը երաժիշտների մի քանի սերունդ է կրթել ու կյանքի ուղեգիր տվել։ Նա ամենասիրված անձանցից էր մշակութային աշխարհում, եւ նրա անժամանակ մահը ցնցել էր բոլորին։

Գրիգորիչը երկար տարիներ հիվանդ էր, եւ ինքն ու իր շրջապատը հոգեբանորեն վաղուց էին պատրաստ այս հրաժեշտին եւ անգամ գերեզմանի տեղն էին ընտրել։ Արմատներով արցախցի կոմպոզիտորը ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում՝ Ռիմա Դեմիրճյանի հարեւանությամբ գտնվող ազատ հողատարածքում։ Սակայն նրա մահվան հաջորդ օրը մեզ տեղեկություններ հասան, որ այդ հողակտորը հայտնի երգահանին տրամադրելու հարցում դժվարություններ են առաջացել։

Չնայած ողջ բոհեմական աշխարհը, նրա բոլոր սաները, հարազատները, արվեստի երկրպագուներն ամեն ինչ արել են, որ Գրիգորիչը հուղարկավորվի իր նախընտրած տարածքում, բայց պարզվել է, որ դա հնարավոր չէ։ Ճիշտ է՝ Երեւանի քաղաքային պանթեոնը պետական գերեզմանոց է, եւ պետության՝ քաղաքապետարանի որոշմամբ են այստեղ հողահատկացումներ արվում, իսկ նշված հողակտորը ոչ մեկին թղթով չի պատկանում, սակայն պարզվում է՝ ինչ-որ մարդիկ նշված տարածքը վաղուց են իրենցով արել։ Նրանք ծառեր են տնկել, կանաչապատել եւ «բրոնյա» արել։ Հայտնի չէ, թե ում են նախատեսում այստեղ հուղարկավորել, սակայն, ըստ լուրերի, գերեզմանատեղը տնօրինում է Հայրապետյան-Քալանթարյան հայտնի ընտանիքը, որոնք վերջերս խնամիացել են Զարեհ Սարգսյանի հետ՝ իրենց աղջկան ամուսնացնելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։

Գրիգորիչի մերձավորները, արվեստի երկրպագուները հնարավոր բոլոր ատյաններին դիմել են, եւ իշխանական ամենաբարձր օղակներից փորձել են նրանց աջակցել այդ հարցում, բայց չի ստացվել։ Էրեբունի-Արեշ տարածքում տնօրինություն անող, ցեմենտի գործարանի, ձիարշավարանի եւ այլ բիզնեսների սեփականատեր հանդիսացող ընտանիքն արգելել է Գրիգորյանին հուղարկավորել Ռիմա Դեմիրճյանի հարեւանությամբ գտնվող հողակտորում։ Հուղարկավորել են գերեզմանոցի հետին մասում։ «Իմ կարծիքով, դուք էլ եք այդպես կարծում, որ գերեզմանատան տարածքում չի կարելի ունենալ սեփական հողեր։ Այգի է ուղղակի, մարդիկ սիրուն այգի են կառուցել։ Հողը տրամադրում ենք մենք։ Վերջին ազատ հողակտորը հատկացվել է Արթուր Գրիգորյանին։ Երեւանի պանթեոնում սպառվել են ազատ հողատարածքները, անգամ հարակից տարածքներում պետական ազատ հող չկա։ Նոր տարածք ձեռք բերելու համար թաղման բյուրոն արդեն դիմել է քաղաքապետարանին»,- մեզ ասաց գերեզմանատան հսկիչ Աշոտ Ազարյանը։ Հարցին, թե ինչ է լինելու Ռիմա Դեմիրճյանի հարեւանությամբ հողատարածքում՝ ում գերեզմանն է լինելու, Աշոտ Ազարյանն ասաց, որ դա պետական հող է, այնտեղ լինելու է այգի, դրվելու են նստարաններ։

Նարինե Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել