Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն մարդկանց, ովքեր սեփական որոշումներով, կազմակերպված և հետևողական քայլերով կազմաքանդում են պատերազմի կրակների մեջ, մեր ժողովրդի հերոսական զավակների արյան գնով ստեղծված, հաղթանակների մարտական փառավոր ուղի անցած Արցախի Պաշտպանության Բանակը։ Կարծում եմ հայոց լեզվի բառարաններում դժվար թե այդպիսի բառ գտնվի, քանի, որ հայ ժողովրդի պատմության մեջ դժվար գտնվեն այնպիսի արարածներ, որոնք նմանատիպ հանցանք գործած լինեն հայ ժողովդի հանդեպ, որ լեզվաբաններ դրանց բնութագրելու համար բառեր գտած կամ հնարած լինեին։
2022 թվականի հունվարի 31-ին ավարտվեց 2021-2022 թվականների ձմեռային զորակոչը։ 2020 թվականի կործանարար պատերազմից հետո սա թվով երրորդ զորակոչն էր։ Յուրաքանչյուր զորակոչի հետ իրականացվում է ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինվորների զորացրում։ Փաստորեն, արդեն երրորդ անգամ, շարունակաբար Արցախի պաշտպանության բանակից տեղի է ունենում միայն զորացրում և բանակը չի համալրվում նոր ժամկետային զինծառայողներով։ Ակնհայտ է, որ միայն Արցախում բնակվող բնակչության ուժերով հնարավոր չէ կազմակերպել Արցախի սահմանների պաշտպանությունն ու Արցախի անվտանգությունը։ Արցախի Պաշտպանության բանակը փաստացի կազմալուծվում է՝ բոլոր հնարավոր ողբերգական հետևանքներով։
Այս ամենի գլխավոր պատասխանատուն Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանն է։ Նա ոչ միայն Արցախի և Հայաստանի խաղաղ կյանքը վերածեց պատերազմի, այլև չկարողացավ ղեկավարել պետությունը պատերազմական շրջանում, գիտակցված կերպով տարավ պարտության և իր ձեռքով ստորագրեց կապիտուլյացիոն հայտարարությունը՝ թշնամուն հանձնելով նաև նրա կողմից չզավթված տարածքներ Արցախից և Հայաստանից։
Նրա դավաճանական արշավը չի ավարտվել։ Այժմ նա հետևողականորեն քանդում է Հայաստանի և Արցախի բանակները, թուլացնում մեր պետության դիմադրողական կարողությունները և առաջ մղում թշնամահաճո թեզեր՝ Արցախը թշնամուն հանձնելու և Հայաստանը վերջնականապես կործանելու հանցավոր մտադրություններով։
Այս աղետը պետք է կանխվի մեկ օր շուտ։ Նիկոլ Փաշինյանն ու իրեն սատարող ուժերը պետք է վռնդվեն ոչ միայն իշխանությունից, այլև մեր հանրային կյանքից։ Նրանք մարդիկ են, որոնց բնութագրելու համար ժամանակակից լեզվաբանները ստիպված են մտածել, գտնել բնութագրիչ բառեր, որոնց, վստահ եմ, իրենցից բացի պատմության ընթացքում այլևս ոչ ոք չի արժանանա։
P.S. Հետաքրքիր է իմանալ , թե ինչ զգացողություններ ունեն այն գեներալներն ու սպաները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ ծառայել են Զինված Ուժերում, ծառայել են Արցախի Պաշտպանության բանակում և հիմա, կրելով բանակի համազգեստը, յուրաքանչյուր օր մեկնում են ծառայության։ ՈՒնե՞ն իրենք իրենց մտքում այն հարցի պատասխանը, թե ու՞մ են ծառայում․ Հայրենիքի՞ն, պետությա՞նը, թե հայ ժողովրդի թշնամուն։
Լուսանկարում՝ Զորահանդես Ստեփանակերոտւմ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակներին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, մայիս 2012թ․
May be an image of 3 people, people standing and outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել