«Տեսախցիկի հետ առաջին անգամ ծանոթացել եմ 90-ականների պատերազմի տարիներին. հայրս՝ Վարդան Ղուկասյանը, ամիսների բացակայությունից հետո ռազմաճակատից վերադառնում էր, ու ֆիդայիների հարազատները  հավաքվում էին մեր տանը, որպեսզի տեսնեն իրենց հարազատներին: Այդ ժամանակ հասկացա, թե ինչ հրաշագործ բան է տեսախցիկը:
Ես ընդամենը 7-8 տարեկան երեխա էի, բայց ինձ համար արդեն պարզ էր, որ կյանքս ու ճակատագիրս պետք  է կապեմ տեսախցիկի հետ»,-պատմում է ռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Ղուկասյանը, ով հենց այդ տարիքում էլ ընտրեց իր ապագա մասնագիտությունը:
BlogNews.am կայքի հետ զրույցում Էդգարը պատմում է իր գործունեության, ոլորտում առկա խնդիրների, դրանց հնարավոր լուծումների և ապագա ծրագրերի մասին:

-Աչքի առաջ ունենալով ու մոտիվացվելով Ձեր հայրիկի՝ Վարդան Ղուկասյանի օրինակով, հետագայում ինչպե՞ս հստակ որոշեցիք ընտրել հենց ռեժիսորի մասնագիտությունը:
-Նախ շնորհակալ եմ ինձ ընձեռված հնարավորության համար: Իմ կյանքում հենց այնպես ոչինչ չի եղել: Ընդամենը 10 տարեկան էի, երբ իմ մեջ բացահայտեցի ի վերուստ տրված մի տաղանդ` բառերը հակառակ կարդալու շնորհքը: Հաճախ էին ինձ հրավիրում տարբեր հեռուստածրագրերի:
Հիշում եմ, երբ այն ժամանակ Ազգային հեռուստաընկերության Մարատ Օրդյանի «Շաբաթ երեկո» ծրագրի հյուրն էի, միևնույն է, անգամ գտնվելով հյուրի կարգավիճակում, լինելով գինեսի ռեկորդակիր՝ համոզվում էի, որ տեսախցիկն իմ տարերքն է, և որ ցանկանում եմ դառնալ այդ ամենի մի մասնիկը:
Հետագայում արդեն հասկացա, որ պետք է ուսում ստանալ հենց այդ ուղղությամբ: Սակայն դա էլ առանց բարդությունների չանցավ:
Այդ տարիներին համալսարան ընդունվելն առանց կապերի բավականին բարդ էր, սակայն քննությունների ընթացքում չվրիպեցի հայ մեծանուն կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի աչքից ու հենց նրա շնորհիվ էլ դարձա Մանկավարժական համալսարանի հեռուստատեսության և հեռուստաֆիլմերի ռեժիսուրա բաժնի ուսանող:
Ալբերտ Յավուրյանը ճակատագրական դեր ունեցավ իմ կյանքում, ես շատ բան սովորեցի նրանից, նա հանճարեղ վարպետ էր, ով աշխատել  էր Փարաջանովի պես ռեժիսորի հետ: Ընդհանրապես, տաղանդավոր վարպետներ եմ ունեցել, շատ լավ դպրոց եմ անցել: Բացումը կատարեց հայրիկս, հետո՝ նրանք: Երախտապարտ եմ Աստծուն, ինձ բաժին հասած բախտի համար:

-Ինչպե՞ս անցան ուսումնական տարիները, ինչ գործունեություն էիք ծավալում այդ շրջանում:
-Համալսարանական տարիներին ակտիվ զբաղվել եմ կինոարտադրությամբ, մեկ տասնյակից  ավելի ֆիլմերի օպերատոր և ռեժիսոր եմ: Հինգ տարի սովորելուց հետո բակալավրի աստիճանն ինձ չբավարարեց, և ես շարունակեցի ուսումս մագիստրատուրայում, ու հենց այդ տարիներին էլ հանդիպեցի իմ կյանքի կեսին: Կինս` Ռուբինան, ով լրագրող է, եկավ ու լրացրեց ինձ: Այժմ ունենք գեղեցիկ ընտանիք, երկու որդիներից հետո երազում էի դուստր ունենալու մասին, և 44-օրյա պատերազմից հետո ծնվեց իմ երրորդ բալիկը՝ աղջիկս, ում մայրիկիս ցանկությամբ կոչեցինք Աէլին:

-Կպատմե՞ք բիզնեսում Ձեր առաջին քայլերի մասին:
-Ուսանողական տարիներին հիմնեցի Provideo ընկերությունը, այդ ժամանակ այս ոլորտում բրենդներ գրեթե չկային, Հայաստանում կլիպարտադրության ծաղկուն շրջանն էր, այնպես չէր ինչպես հիմա, ամեն օր պրեմիերաներ չէին լինում:
Provideo ընկերությունը հաջողություններ գրանցեց հենց սկզբից, նոր մտքերն ու տեխնիկական նոր լուծումներն իրենց արդյունքը տվեցին ու այն գործում է մինչ օրս:

-Այդքան տարիների փորձից հետո դեռ ունենո՞ւմ եք մտավախություններ աշխատանքի մեջ:
-Այդպիսի պահեր լինում են ամեն օր, յուրաքանչյուր աշխատանք կատարելիս: Ես ամեն անգամ նկարահանման մեկնարկից առաջ ունեմ բազմաթիվ մտավախություններ, որքանով էլ իդեալական կազմակերպված լինի ամեն բան: Ես ամեն օր քննություն եմ տալիս, և դա ինձ համար շատ կարևոր է:

-Ասելով պրոդյուսեր՝ Հայաստանում հասկանում են միայն ֆինանսավորող, խնդրում եմ կպատմե՞ք՝ մեզ մոտ այդ ոլորտում ինչպիսի խնդիրներ եք նկատում:
-Դա սխալ մոտեցում է: Պրոդյուսինգը կապված է արտադրելու և ստեղծելու հետ: Ոչնչից ինչ-որ բան ստեղծելը հենց պրոդյուսինգն է: Իսկ ինչ վերաբերում է մեծ գումարներին՝ շատ ժամանակ փոքր ֆինանսներով կարելի է ստանալ գլուխգործոց, իսկ ահռելի ծախսերով՝ «աղբ»:
Լավ արդյունքի համար լավ ստեղծագործությունն է ամենակարևորը ու լավ երգը: Ստեղծագործությունից հետո կարևոր է լավ թիմը, արտիստիզմը:
Հավատացեք՝ Ֆինանսները երրորդական են:
Իսկ Խնդիրները շատ են: Շատերը ցանկանում են միանգամից հայտնի դառնալ, բայց արագ վերելքը նաև սրընթաց վայրէջք է:
Շատ քիչ երգեր կան, որոնք երկար կյանք ունեն, հիմնականում 1-2 ամիս անց մոռացվում են: Իսկ երբ  6 ամիս երգն ապրում է, անվանում են հիթ, սակայն դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ: Էլ չասեմ յութուբյան դիտումների մասին:

-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ մերժում եք համագործակցության առաջարկները: Ի՞նչը կարող է Ձեզ հիասթափեցնել այդ դեպքում արտիստի մեջ:
-Շատ ժամանակ համագործակցության առաջարկները մերժում եմ, երբ արտիստը տառապում է այսպես ասած «աստղային հիվանդությամբ»:

 

- Որո՞նք են պրոդյուսերական գործում հաջողության հասնելու գլխավոր նախապայմանները:
-Պրոդյուսերական աշխատանքում հավատարմությունը, անկեղծությունը միմյանց զիջելը բերում են շատ լավ արդյունքների:
Իսկ գործնականում շատ կարևոր են կապերը և ինտելեկտը:
Կա մի փուլ, երբ երգիչը մտածում է, որ պրոդյուսերը կատարում է, պարզապես, իր պարտականությունները, սակայն երբ մարդիկ ընկղմվում են աշխատանքի մեջ ու նվիրվում են, կարողանում են ստեղծել մնայուն արժեք:

-Կարո՞ղ եք զուգահեռներ տանել հայ և արտասահմանյան պրոդյուսինգային ոլորտների մեջ: Ինչո՞վ է պայմանավորված նրանց բարձր արդյունքը:
-Շատ պարզ. նրանք  կրթված են, մասնագիտացված են, հասկանում են, թե ինչ է պրոդյուսինգը:
Այստեղ  թյուր կարծիք կա. եթե մարդը պահանջված է, ապա անպայման պետք է պրոդյուսեր ունենա, սակայն պրոդյուսերը շատ դեպքերում պետք է այն մարդկանց, ովքեր դեռևս ճանաչված չեն: Այդ կուլտուրան մեզ մոտ դեռ զարգացած չէ, սակայն գնալով ամեն բան գնում է դեպի լավը:

-2020-ից ի վեր դժվար ժամանակներ են, Ձեր կարծիքով այժմ հեռուստադիտողին, ունկնդրին ի՞նչ է հարկավոր, ի՞նչ պետք է ներկայացնեն արտիստները:
-Անկեղծություն է հարկավոր: Առավել ևս այս ժամանակներում մեզ հարկավոր չեն օտարազգի մոտիվներ, այնպիսի բաներ, որոնք մեր որակը չեն ներկայացնում:

-Եվ վերջում, ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:
-Միշտ մեր թիմը եղել է առաջիններից և՛ մտքերի, և՛ տեխնիկայի, և՛ լուծումների հարցերում: 
Հիմա էլ պատրաստվում ենք նոր ձևաչափ ու նոր կուլտուրա մտցնել մեդիադաշտ, այն նորամուծություն կլինի հայկական շուկայում:

Վերջում՝ Ամանորի նախաշեմին, Էդգար Ղուկասյանը կիսվում է մաղթանքներով՝ ցանկանալով խաղաղություն Հայաստան աշխարհին ու մանկան ճիչ բոլորի օջախներում.«Աստված պահապան բոլորիս»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել