Դերասանուհի Մերի Հակոբյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը «Կսպանեմ քեզ» երգի հիման վրա։ Մերին մինչև վերջին պահն այս նորությունը գաղտնի էր պահում, իսկ երեկ մեծ շնորհանդես էր կազմակերպել, որով էլ տվեց երաժշտական պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբը։ Մինչև ուշ երեկո նա ընկերների և գործընկերների հետ տոնեց պրեմիերան:
Դերասանուհին իր առաջին տեսահոլովակը ներկայացրեց մեծ հուզմունքով, որը չկարողացավ։ Մերին պատմեց, որ վաղուց էր ուզում երաժշտական կարիերա սկսել, քանի որ դերասանական կարիերային զուգահեռ երգում էր երաժշտական տարբեր ակումբներում, սակայն ներկայացնում էր cover–ներ։ Հիմա արդեն նա ունի իր երգը, որի հեղինակն Արտեմ Վալտերն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արթուր New Way–ը։ Հերոսին մարմնավորում է դերասան Գևորգ Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ ես ըստ արժանվույն եմ ներկայանում իմ լսարանին։ Արտեմ Վալտերի հետ երկար ժամանակ փորձում էինք գտնել ինձ հոգեհարազատ երգ։ Արդյունքում ստեղծվեց երգ, որտեղ կան և՛ մեր ժողովրդին, և՛ ինձ հարազատ տեմպ ու ռիթմ։ Տեսահոլովակում էլ ներկայանում եմ այնպիսի ոճով, ինչպես հասարակությունն ինձ չի տեսել։ Այնքան ուրախ եմ, որ Արտեմը կարողացավ հասկանալ, իսկ Արթուրը՝ լավագույնս ներկայացնել ինձ»,– ասաց Մերին։
Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր New Way–ն էլ պատմեց, որ տեսահոլովակը նկարահանել է այն սցենարով, որը տեսել է երգն առաջին անգամ լսելուց անմիջապես հետո։
«Ես և՛ սցենարիստ եմ, և՛ ռեժիսոր, և՛ օպերատոր։ Ռեժիսորը պետք է ամեն ինչից հասկանա, որպեսզի կարողանա լավ աշխատանք մատուցել։ Ինքս մասնագիտական կրթություն չունեմ, սակայն 10 տարուց ավելի աշխատում եմ այս ոլորտում, իսկ փորձն ավելին է, քան թեորիան։ Ես շատ չեմ հետևում հայկական շոու բիզնեսին, սակայն կան տաղանդավոր մարդիկ, որոնց մասին պարտավոր եմ իմանալ։ Ինձ համար Արտեմ Վալտերն առանձին տեղ է զբաղեցնում որպես երգիչ, երգահան։ Երգը լսելուց հետո առաջին հարցս էր՝ Վալտե՞րն է գրել, որովհետև նրա ձեռագիրը շատ տարբերվող է։ Շատ ուրախացա, որ երգի հեղինակն ինքն է։ Մենք շատ մեծ թիմային աշխատանք ենք արել, որտեղ յուրաքանչյուր անդամի գործը շատ կարևոր էր»,– ասաց նա, ապա նկատեց, որ այս աշխատանքն էքսպերիմենտ է, հաջորդը ևս էքսպերիմենտ է լինելու։
Մերին էլ շեշտեց, որ փորձարկման հարցում վստահել է ռեժիսորին․ «Նկարահանվել ենք 40 ժամ՝ առանց ընդմիջման։ Չենք քնել ու չնայած շատ հոգնած էինք՝ պիտի շարունակեինք աշխատանքը, քանի որ Արթուրը 2 օրով էր Մոսկվայից եկել Երևան։ Մինչև Արթուրի Հայաստան գալն էլ մազերս ամբողջությամբ մանր հյուսքեր էինք արել կերպարներից մեկի համար, Արթուրը հասավ, նայեց և ասաց՝ քանդիր։ Ես հետևում էի նրա բոլոր ցանկություններին, քանի որ պրոֆեսիոնալ է։ Ես Արթուրին ուղղակի ասել եմ՝ ինչ ուզում ես, նկարիր, որովհետև վստահ էի արդյունքի վրա։ Նա տարիների աշխատանքային փորձ ունի ռուսական շոու բիզնեսում և վստահ էի, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու։ Հիմա նայում եմ տեսահոլովակն ու հասկանում, որ արժեր վստահել նրան»։
Մերին ասաց, որ սկսել է հաջորդ երգերի աշխատանքը․ «Ես չեմ պատրաստվում պասիվանալ, քանի որ եթե մտնում եմ որևէ ոլորտ, պետք է լինեմ լավագույններից մեկը։ Հուսով եմ՝ հասարակությունը կգնահատի մեր աշխատանքը։ Իհարկե, պատրաստ եմ տարբեր արձագանքների․ նախ՝ կատարյալ ոչինչ չկա, երկրորդ առողջ քննադատության վերլուծությամբ մեր հաջորդ աշխատանքն ավելի լավն է լինելու»։
Մերին շեշտեց, որ շարունակելու է ներկայանալ նաև որպես դերասանուհի: Օրվա տորթի ընտրությունը պատահական չէր՝ դաշնամուրի և տեսախցիկի համադրությամբ: Այն խորհրդանշում էր Մերիի 2 մեծ սերը՝ երաժշտությունն ու կինոն: