ATV-ի եթերում մեկնարկել է Ելենա Արշակյանի նոր՝ «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալը, որում հանդես են գալիս ճանաչված ու շատերի կողմից սիրված դերասաններ: Նախագծում գլխավոր դերակատարներից է դերասանուհի Մերի Հակոբյանը, ում հեռուստադիտողը շատ էր կարոտել: Տևական դադարից հետո գեղեցկուհին վերադարձել է Մոսկվայից ու արդեն ակտիվորեն անցել է աշխատանքի:

BlogNews.am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր նոր դերի, հեռուստադիտողների համար պատրաստած անակնկալի և այլ հետաքրքիր մանրամասների մասին:

Հեռուստասերիալիում Մերին ներկայանալու է հենց իր անվամբ:
«Կերպարս կորցրել է իր ամենաթանկ ու հարազատ մադրկանց՝ ընտանիքը, կյանքի գույներն ու միակ փրկությունը գտել է երաժշտության մեջ»,- մեզ հետ զրույցում պատմում է Մերին:

Հեռուստասերիալում հանդես գալու առաջարկը Մերին ստացել է ռեժիսոր Ելենա Արշակյանից և ընդունել է այն մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ, որովհետև վերջինիս հետ նրա յուրաքանչյուր համագործակցություն պսակվում է հաջողությամբ:

«Երբ այս անգամ իրենից առաջարկ ստացա, շատ ոգևորվեցի, որովհետև ինքն այն բացառիկ ռեժիսորներից է, ով կարողանում է արտիստին հասկանալ, դնել այնպիսի խնդիրներ արտիստի առջև, որ վերջինս արժանի կերպով ներկայանա հեռուստադիտողին: Կարծում եմ, որ սա ամենակարևոր պայմանն է արտիստի համար, երբ կա այդ կապը և տեսնում ես, թե ռեժիսորն ինչպես է քեզ հասկանում»,- կիսվում է դերասանուհին: Առհասարակ, ռեժիսորների կողմից առաջարկ ստանալիս Մերին ուշադրություն է դարձնում ոչ թե կերպարին, այլ մի ուրիշ կարևոր պայմանի. «Երբ առաջարկ եմ ստանում, առաջնային հարցն այն է՝ թե ովքեր են ինձ հետ միասին այդ նախագծում հանդես գալու, ովքեր են իմ գործընկերները: Ինձ համար առաջնային է, որ նրանք լինեն պրոֆեսիոնալներ»:

Կերպարների հետ կապված Մերին տաբուներ կամ վախեր չունի:

«Կարծում եմ յուրաքանչյուր արտիստ կարող է ամենահետաքրքիր կերպարը դարձնել անհետաքրքիր, այդ իսկ պատճառով ինձ համար չկան լավ ու վատ կերպարներ, կան լավ ու վատ արտիստներ»,-անկեղծանում է նա:

Բացի այս ամենից դերասանուհին անակնկալ է պատրաստել հեռուստադիտողների համար, սակայն այն տեսնելու համար վերջիններս պետք է հետևեն «Մեր թաղի տղերքը» նախագծին:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել