Factor.am-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի, ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը եւս մեկ խոշոր գնման մրցույթի հաղթող է: Այս ընկերությունը 93 մլն դրամի շրջանակներում ասֆալտապատման աշխատաքներ է իրականացնում նաեւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Այս մասին գրում է factor.am-ը։
93 մլն դրամով վերանորոգվում է Արթիկի Պռոշյան փողոցը եւ Գարեգին Նժդեհ փողոցի առաջին նրբանցքը: Այս մասին տեղեկանում ենք Գնումների պետական համակարգից: Ավելի վաղ «Սիվիլնեթ»-ը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 368 միլիոն դրամի շրջանակներում ասֆալտապատման աշխատաքներ է իրականացնում Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհին եւ 287 մլն դրամի՝ Ապարան քաղաքի եւ գյուղական բնակավայրերի ավտոճանապարհներին:
Ալեն Սիմոնյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, թե այդո՞ք խնդրահարույց չէ, որ իր եղբոր ղեկավարած ընկերությունն է շահում խոշոր մրցույթներում, նշել էր. «Խոշոր երկու մրցույթ շահել է այդ կազմակերպությունը, իմ եղբայրը աշխատում է այդ կազմակերպությունում, որպես տնօրեն է աշխատում։ Կարող էր որպես հաշվապահ աշխատել»:
Հիշեցնենք՝ մինչ հեղափոխությունը, երբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններից պետությունը հարյուրավոր միլիոնների գնումներ էր կատարում, Նիկոլ Փաշինյանը դա համարում էր կոռուպցիա:
«Այդքան խոսում են առավոտից իրիկուն` կոռուպցիայի դեմ պայքարենք, ձեզ թվում է, կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է… Հեսա կոռուպցիան: Քանի դեռ այս կառավարությունը, այս իշխանությունը գոյություն ունի, Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ազգային բրենդ. դա կոռուպցիան է, ուրիշ բրենդ ուղղակի ման մի եկեք»,- ԱԺ ամբիոնից ասում էր ընդդիմադիր Փաշինյանը, որն այժմ նշված խոշոր գնումների հետ կապված որեւէ կարծիք չի հայտնել: Ի դեպ, հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին էլ կառավարությունը որոշում կայացրեց Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան փոխելու համար հարկատուների հաշվից վճարել շուրջ 200 հազար դոլար։