«Մենք Բրյուսելին ոչնչով չենք զիջում» խորագրի տակ անցավ Սոչիի հանդիպումը: Խորագրից բացի, ուրիշ որևէ բովանդակություն այն չուներ ու միտված էր ռուսաստանյան ներքին էլիտաներին ցույց տալ, որ դերժավան դեռ կա, ու որ նավը լքելը դեռ ժամանակավրեպ է: Թեպետ, օրինակ` Թաթարստանի կամ Չեչնիայի ղեկավարներն արդեն ակնհայտ այլ կարծիքի են:
Նմանատիպ հանդիպումներն ապագայում էլ դատապարտված են լինելու ձանձրալի ու անբովանդակ, և դրա համար շատ տրամաբանական հիմքեր կան: Հայաստանը դուրս է եկել Արցախի հակամարտությունից և հիմա այն զուտ Արևմուտք-Ադրբեջան-ՌԴ եռյակի թեմա է: Կան իհարկե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցեր, բայց դրանք լուծվելու են Եվրոպայի` արևելյան գործընկերության շրջանակներում:
Ռուսաստանին թվում էր, որ Փաշինյանին տալով անվտանգության երաշխիքներ ու դրա դիմաց ստանալով ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհելու համաձայնություն, նրանք կկարողանան սեփական ազդեցությունը պահպանել տարածաշրջանում: Մինչդեռ հայրենիքը փրկող, ազատագրող ու դիմադրող այդ «ընդդիմություն» կոչեցյալը շատ արագ սնանկացավ, հետևաբար Փաշինյանը լեգիտիմացավ, մաքրվեց ու մանրից սկսում է սեփական օրակարգը թելադրել:
Այս աղետալի պրոցեսը կանգնեցնելու միակ տարբերակը 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումն է, որը պարզ պատճառներով պետք չի Փաշինյանին և ոչ այդքան պարզ, բայց արդեն բավականին ակներև պատճառներով պետք չի նաև «ընդդիմությանը»:
Այս աբսուրդի թատրոնը կարելի է քանդել` ընդամենը հարցեր հնչեցնելով: Օրինակ՝ ո՞վ, ե՞րբ և ինչու՞ է դադարեցրել զորքերի լրահամալրումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=216948477250386&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել