Armsport.am-ը գրում է․

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական էջը։

Նիստի ժամանակ որոշում է կայացվել տեխնիկական պարտություն գրանցել «Սևանին»՝ ՀՊԼ 14-րդ տուրի «Ալաշկերտի» հետ խաղին չներկայանալու պատճառով։ Ավելի վաղ «Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ չի ներկայանալու «Ալաշկերտի» հետ խաղին։ Մանրամասներն՝ այստեղ։

«Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց՝ հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 5-րդ կետով` գրանցել 0:3 հաշվով տեխնիկական պարտություն «Սևան» թիմին և «Սևան» ՖԱ ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300․000 ՀՀ դրամի չափով»,- նշված է որոշման մեջ։

Բացի այդ՝ «Արարատ»-«Վան» խաղի ժամանակ մարզադաշտի տարածքում առկա չի եղել ՀՊԼ դրոշը, բրենդավորված կամարը, ինչպես նաև կենտրոնական գովազդային վահանակը՝ ՀՊԼ տարբերանշանով։
Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 4 կողմ և 0 դեմ ձայներով որոշել է հաստատված համարել «Արարատ» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 46-րդ և 48-րդ կետերով` «Արարատ» ՖԱ ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ 50.000 ՀՀ դրամի և նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100․000 ՀՀ դրամի չափով։

Նիստի ընթացքում կայացած որոշումները կարող եք տեսնել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել