Ժամանակի ընթացքում քաղաքի ամենաաշխույժ և գործարար մասը ստացավ «Ղանթար» անունը։ Նրա տեղում ներկայումս գտնվում է Կիրովի անվան մանկական զբոսայգին։ Հետաքրքիր է քաղաքի այդ մասի, անվան առաջացումը։
Ղանթար բառը արաբերեն է, որ նշանակում է «շուկայի մեծ կշեռք»։ Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»։ Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։
Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, ժողովուրդը այդ շուկային նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։ Երբ 1906 թվականին Երևանում անցկացվեց ձիաքարշ (կոնկա), ապա Ղանթարը դարձավ նրա կենտրոնը։ Այստեղից մի գիծ գնում էր դեպի կայարան, իսկ մյուսը՝ Պլանի գլուխ։
Այսօր Ղանթարից մնացել է անունը և մակետը, որը գտնվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում: