Aysor.am-ը գրում է.
Կարմիր խաչի կոմիտեն ուրիշների ասածները չի մեկնաբանում: Երկրորդ՝ երբ ԿԽՄԿ-ն հանդիպում է, դիտարկումները կամ այն մասին, թե ինչ են խոսել չի հրապարակվում: Այս ամենը գաղտնի է: Արձագանքելով Aysor.am-ի հարցին, թե ադրբեջանական որոշ աղբյուրներ հայտարարում են, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ հայրենիք, ասացին ԿԽՄԿ Երևանի գրասենյակի լրատվության բաժնից:
Մեր զրուցակիցը գրեթե բոլոր հարցերին պատասխանեց, որ մեկնաբանություն չեն տալիս:
Պարզելու համար, թե ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամուլի բաժնից ո՞ր հարցերին կարող են պատասխանել, որպեսզի ավելորդ անգամ չանհանգստացնենք, ասացին, որ կարող են հայտարարել, որ, օրինակ, այցելելություն է լինում գերուն, ընտանեկան նորությունների փոխանակում, մյուս մանրամասները գաղտնի են պահվում:
Այսպիսով, Կարմիր խաչի Երևանյան գրասենյակը որևէ տեղեկություն չի կարող տալ արդեն ավելի քան երկու շաբաթ թշնամի երկրում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի վերաբերյալ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի զրույցում ասաց, որ նախարարությունը փորձում է պաշտոնական պատասխան ստանալ Կարմիր խաչից, հասկանալու համար՝ արդյոք Հակոբը նման հայտարարություն է արե՞լ, թե ոչ: ՊՆ-ն Կարմիր խաչից հրատապ հանդիպում է պահանջել: Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այն կկայանա վաղը:
Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երկրորդ հարցազրույցն են հրապարակել Հակոբ Ինջիղուլյանի մասնակցությամբ:
Առաջին հարցազրույցից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը Հայաստանում Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին ասել էր, որ «հարցազրույցն» առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների անցկացնելն Ադրբեջանի կողմից կոպիտ խախտում է, հետևաբար կլինեն պատժամիջոցներ:
Կարմիր խաչի Երևանի գրասենյակի մամուլի բաժնի աշխատակցին խնդրեցինք մանրամասնել, թե նման դեպքերում ի՞նչ պատժամիջոցներ է սահմանում Կարմիր խաչը, մանավանդ, որ դեպքը կրկնվել է.
«Ամենածայրահեղ քայլը, որ կարող է անել ԿԽՄԿ-ն, դա հանրային քննադատության ենթարկելն է, հանրային հնչեղություն տալը, այն էլ՝ շատ լուրջ դեպքերում»,- եղավ պատասխանը:
Մեր հարցին՝ սա լուրջ դեպք համարվո՞ւմ է, թե ոչ, ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ