Hayeli.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ուսման վարձավճարնեի բարձրացման դեմ բողոքող մի խումբ երիտասարդների: Սա այն խումբն է, որը մի քանի օր առաջ նախարարի հետ  հանդիպման ժամանակ լքել էր դահլիճը՝ հայտարարելով, թե իրենք պահանջում են, որ Աշոտյանն իրենց հետ զրուցի դրսում: Երիտասարդները, ըստ էության, մտափոխվել էին ու այսօր դեմ չեղան խնդիրը քննարկել ԿԳՆ-ում: Հանդիպման ընթացքում երիտասարդներից մեկը հարց ուղղեց Արմեն Աշոտյանին, թե ինչու են բուհերն իրենց վարձավճարների բարձրացման մասին ուսանողներին տեղյակ պահել միայն մայիս ամսին, այն դեպքում, երբ բուհերի կառավարման խորհուրդները շատ ավելի վաղ են հաստատել բյուջեները:

Նախարարը պարզաբանեց, որ կառավարման խորհուրդները բուհերում վարձավճարներ չեն սահմանում, այլ ընդամենը հաստատում են բյուջեն, ուստի չի կարելի պնդել, թե բուհերի կառավարման խորհուրդները և նրանց նախագահները նախապես թաքցրել են թանկացման մասին տեղեկությունը: «Բուհերի կառավարման խորհուրդները սովորաբար տվյալ տարվա սկզբին կամ նախորդ տարվա վերջին հաստատում են բուհի բյուջեն՝ հիմնականում հենվելով բյուջետային ակնկալվող մուտքերի վրա: Իրականում խնդիրն առավել ակնառու դարձավ մարտ-ապրիլ ամիսներին, երբ որ որոշակիորեն հստակեցվեցին դիմորդների նախապատվությունները՝ կապված այս կամ այն բուհի կամ մասնագիտության ընտրության հետ: Ակնհայտ էր, որ բուհերն ունենալու են ուսանողների թերհամալրում, հետևաբար նաև ֆինանսական խնդիրներ»,- նշեց նախարարը: Աշոտյանը  իր հերթին հակադարձելով ակտիվիստներին, հարցրեց. «Զարմանում եմ, թե ինչու ուսանողները սկսեցին հենց հիմա բողոքի ակցիաներ կազմակերպել. չէ՞ որ որոշումը ապրիլ ամսին է եղել: Օրինակ դո՛ւ իմ ֆեյսբուքի ընկերներից ես, մենք նամակագրական կապ էլ ունենք, ինչո՞ւ ինձ ֆեյսբուքով նամակ չէիր գրում այդ մասին»,- դիմելով ակտիվիստներից մեկին՝ ասաց Աշոտյանը:

Ոսանողը փորձեց պատճառաբանել, թե այն ժամանակ նախաքննական շրջան էր, ժամանակ չկար: «Բայց չէ՞ որ դու այդ ընթացքում հասցնում էիր Ֆեյսբուքում ստատուսներ գրել, հրապարակել ես նաև էսսե, ես կարդացել եմ: Եթե այդ ամենն հասցնում էիր, վարձերի մասին մտահոգվել չէ՞իր հասցնում»,- նույն ակտիվիստին հարցրեց ԿԳ նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել