Երևանի գրողների միության նախագահ

Ինչ որ գրել էիք ՀԳՄ վերջին խայտառակ «համագումարի» մասին, սուր էր և լավ էր: Պատահական չէ, որ նյութն արտատպել էին շատ լրատվամիջոցներ: Բայց այնուամենայնիվ ճշտումների կարիք կա: Սկսենք իմ «բրիգադից»:  Չեմ կարծում, որ  տաղանդավոր գրողները կարող են անդամ լինել ինչ-որ բրիգադի: Իսկ իմ բոլոր ընկերները տաղանդավոր գրողներ են: Մենք հենց դրա համար էլ չմասնակցեցինք անանյանական այդ ներկայացում-համագումարին, քանի որ ամոթ է նույն շարքում նստել որոշ քծնողների ու միաձայն քվեարկողների  հետ: Նաև  երբեք չի եղել այնպես, որ գրողներն անվայել խոսքեր ասեն, կռիվ սարքեն: Դա միշտ ՀԳՄ-ում միջակությունների մենաշնորհն է եղել: 2001-ի չարաբաստիկ համագումարում Անանյանի մարդիկ հարձակվեցին իմ տեղակալների վրա` մեկի աչքին խփեցին, մյուսի ձեռքը ջարդեցին: Անանյանն այսպես է  «ընտրվել» նախագահ:

2001-ից հետո ես ՀԳՄ ոչ մի «համագումարի» չեմ մասնակցել:

2009-ի համագումարում ՀԳՄ-ի նույն միջակությունների «բրիգադը» հարձակվեց տաղանդավոր բանաստեղծ Սարգիս Կարեյանի վրա (բոլոր հեռուստաընկերությունները դա ցուցադրեցին, և պարզ երևաց, որ հարձակվողների «բրիգադում»...գրող չկա), ինչ է թե Կարեյանը համարձակվել էր քննադատել Անանյանին: Եթե անպայման ուզում ենք օգտագործել «բրիգադ» բառը, ահա թե ում կարող ենք այն վերագրել: Ինչպես տեսնում եք, «բրիգադով» գործում են միջակությունները, որ Անանյանի օրոք վռազ բազմացել, 200 հոգով լցվել են ՀԳՄ ու գռմռոցով սպառնում են ընդամենը երկու տասնյակ տաղանդավոր մարդկանց:

Իսկական գրողները ազատ արծիվներ են` նրանց փնտրեք ՀԳՄ-ից դուրս:

Ահա թե ինչու «Հայաստանի գրողների միություն» հապավումը ես այլևս չեմ գործածի, որովհետև այս վերջին ամոթալի համագումարում «ՀԳՄ»-ն վերանվանվեց «Անանյան ՍՊԸ»:

Համաձայն չեմ նաև այն տեսակետի հետ, թե ստեղծագործական միությունները մեռած կառույցներ են: Դրանք նախ և առաջ կոչված են ստեղծելու ստեղծագործական միջավայր, որ մեզ շատ է պետք: Բարով-խերով մի օր Անանյանը կհեռանա, և դուք կտեսնեք` ինչ աշխուժություն է նկատվելու գրական մեր համայնքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել