Ընկերուհուն հրաժեշտ տալով` Լիան նստեց երթուղային տաքսի ու պատուհանից դուրս երևացող շենքերի առկայծող լուսամուտներին նայելով մտածում էր, որ շուտով տուն կհասնի, ցնցուղ կընդունի և կպառկի հանգստանալու` օրվա ընթացքում ապրած հուզումները հաղթահարելու համար։ Մեքենան գրեթե դատարկ էր, այդ ուշ ժամին ուղևորները քիչ էին։ Կանգառներից մեկում մի տղամարդ բարձրացավ ու նստարանին դժվարությամբ նստելով` անզգուշաբար դիպավ Լիային։ Կոպտորեն իր անդորրը խախտած մարդուն նայելով` Լիան հասկացավ, որ նա հարբած է, բայց կոկիկ հագուստն ու մաքուր սափրված դեմքը մատնում էին ինտելիգենտի, ով այնքան էլ հաճախ չի շփվում օղու բաժակի հետ։ Տղամարդը թեթևակի օրորվելով գլուխը բարձրացրեց ու խումհար հայացքով նայեց կողքին նստած կնոջը։ Հայացքի մեջ հարցականներ կային։ Երևի փորձում էր հասկանալ, թե որտեղ է ինքը, և ինչ է անում այստեղ այս անծանոթ կինը։ Լիան դեմքը շրջեց պատուհանի կողմ` ակամա ժպիտը թաքցնելու համար։ Հաջորդ կանգառին մոտենալիս ինչ-որ պատճառով մեքենան խափանվեց ու մեղավոր-հոգնած տոնով վարորդն ուղևորներին խնդրեց իջնել։ Այդ ուշ ժամին ճանապարհի կեսին մնացած մարդիկ իջան մի տեսակ որբացած զգացումով` անմիջապես մոռանալով թե՛ վարորդին, ով մնաց խափանված մեքենայի մեջ, թե՛ նրանց, ովքեր իրենց կողքին էին նստած ու սկսեցին նոր տրանսպորտային միջոց փնտրել, որով ի վերջո կկարողանան տեղ հասնել։ Գինովցած տղամարդը անորոշ մի քանի քայլ արեց, հետո կանգ առավ ու ետ վերադառնալով մոտեցավ Լիային ու հարցրեց.
-Ներեցեք, ես որտե՞ղ եմ։
-Երկիր մոլորակի վրա,-կատակի տվեց Լիան` մտածելով, որ այս եղանակով փորձում են խոսակցություն սկսել։
-Չէ, ես լուրջ եմ հարցնում, մի քիչ խմած եմ, լավ չեմ կողմնորոշվում, պիտի որ արդեն տուն հասած լինեի, բայց ինչ-որ…, կարծես լրիվ ուրիշ թաղամասում եմ հայտնվել:
-Որտե՞ղ եք ապրում, մենք հիմա Քոչարի փողոցում ենք:
-Ի՞նչ, Քոչա՞ր,-շփոթված կրկնեց տղամարդը:
-Այո, Քոչարի փողոցի վրա,-ժպտաց Լիան,-Դուք համոզվա՞ծ եք, որ ճիշտ տրանսպորտ եք նստել:
-Արդեն չգիտեմ այ քույրիկ ջան, կներես, քեզ… Ձեզ էլ նեղություն եմ տալիս, ավելի լավ է տաքսի կանչեմ, միայն խնդրում եմ, դուք վարորդին բացատրեք, թե հիմա որտեղ ենք, մնացածը խնդիր չէ: Ես հաճախ եմ օգտվում այդ ծառայությունից, համարյա բոլոր վարորդները գիտեն, թե որտեղ եմ ապրում:
Տաքսուն սպասելիս նրանք ծանոթացան ու պարզվեց, որ ապրում են նույն թաղամասում: Երբ մեքենան մոտեցավ, Հակոբը բացեց դուռն ու հրավիրեց Լիային նստելու, իսկ ինքն առջևի դուռը բացելով նստեց վարորդի կողքին: Երբ մեքենան տեղից պոկվեց, Հակոբը դիմեց վարորդին.
-Սկզբում տիկնոջը տանենք տուն, հետո ինձ տար եղբայր ջան, լա՞վ:
-Խնդիր չկա,-ասաց վարորդը:
Մեքենան փափուկ սահում էր ասֆալտի վրայով, կարծես այդ ուշ ժամին խնայելով հոգնած ուղևորներին զգույշ էր շարժվում: Լիան զարմացած էր, վարորդն առանց մի բառ ասելու հասնում էր իրենց շենքին, իսկ Հակոբը գլուխը պատուհանին հենած ննջում էր։
Երբ արդեն գրեթե մոտենում էին շենքին` չդիմացավ.
-Բայց դուք որտեղի՞ց գիտեիք մեր տան տեղը, չէ՞ որ ձեզ չասվեց, թե ուր է պետք գնալ:
-Ես գիտեմ ձեր տան տեղը,-ու գլուխը բարձրացնելով նայեց դիմացի հայելու մեջ, Լիան անմիջապես ճանաչեց Գևորգին ու ակամայից հայացքը խոնարհեց:
-Լավ:
-Դու ճանաչո՞ւմ ես այս գեղեցկուհուն, Գևորգ ջան, -զարմացած հարցրեց Հակոբը:
-Չեմ ճանաչում, ուղղակի մի անգամ տուն եմ բերել, տպավորվել է հիշողությանս մեջ:
-Տեսնում եք, ինչ ասել է փոքր քաղաք, բոլորն իրար ճանաչում են, կամ էլ հենց նոր ծանոթացան,-ժպիտով դեպի Լիան շրջվեց Հակոբը:
Կցկտուր մի ժպիտով պատասխանելով` Լիան իջավ մեքենայից.
-Շնորհակալ եմ:
-Ձեզ ուղեկցե՞մ: 
-Չէ կարիք չկա, դուք ավելի լավ է շուտ տուն գնացեք, հանգստացեք, բարի գիշեր,-ու մի հայացք գցելով Գևորգի վրա` Լիան արագ շրջվեց ու մտավ շքամուտք: 
(շարունակելի)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել