Այս այգում անցել են իմ մանկությունն ու պատանեկությունը։
Ինչ–որ անանուն մտավորականներ նամակներ են գրել քաղաքապետին, իբր այգում գտնվող ռեստորանը անհամատեղելի է պանթեոնում ննջող մեր մեծերի և կոմունիստական նոմենկլատուրայի երկնային կյանքի հետ։ Քաղաքապետարանն էլ բանակցել է սեփականատիրոջ հետ և սկսել քանդել ռեստորանը։
1.Սեփականատիրոջ հետ ծանոթ եմ շատ վաղուց, նա մոտ մեկ շաբաթ առաջ զանգել էր ինձ և ուղղակի մղկտում էր, որ քաղաքապետարանը ցանկանում է քանդել իր ապրուստի միակ միջոցը, որ ինքը պարտքերի տակ է և անպաշտպան։ Չէր իմանում ինչ աներ անելանելիությունից։
2.Հավանաբար մեր քաղաքապետը չգիտի (այդ մասին մտավորականները նամակներ չեն գրում), որ Երևանում շատ օբյեկտներ կան, որոնք իրենց աղմուկ-աղաղակով խանգարում են երևանցիներին։ Հետո ինչ, որ շարքային երևանցիներն այնքան տիտղոսակիր չեն, որքան Կոմիտասի պանթեոնի մեծանուն ննջեցյալները։ Բայց այդ մարդիկ ողջ են և ի տարբերություն մահացած երևելիների` ընտրել են Տարոն Մարգարյանին՝ իրենց խնդիրները լուծելու համար։
Հարգելի քաղաքապետ, քանդեք այն օբյեկտները, որոնք խանգարում են երևանցիներին, որոնք նվաստացնում են մեզ՝ ցույց տալով, թե ովքեր են մեր քաղաքի և երկրի տերերը։ Մի՞թե մենք մեղավոր ենք, որ դեռ չենք մահացել և դասական չենք։
3.Ովքե՞ր են այդ մտավորականները, որ, թքած ունենալով կենդանի մարդկանց հոգսերի վրա, այդքան մտահոգ են մահացած մեծերի արժանապատվությամբ։ Խնդրում եմ հրապարակեք նրանց անունները, ես ցանկանում եմ նրանց երեսին ասել այն, ինչ մտածում եմ։
4.Ծիծեռնակաբերդում էլ ռեստորան կա, ընդ որում շատ լավ խոհանոցով։ Ինչո՞ւ այդ օբյեկտը չի քանդվել։ Որովհետև միլիոնուկես զոհերը մեծամեծներ չէի՞ն, ինչպես Կոմիտասի պանթեոնի ննջեցյալները, որովհետև մտավորականները մոռացե՞լ են նամակներ գրել, թե՞ որովհետև Կոմիտասի պանթեոնին մոտ գտնվող օբյեկտի տերն անտեր էր։
Կից նյութը` այստեղ