Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է զինծառայողի հարազատից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքը։

«Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչնիայում և Սիրիայում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով, կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։ Մոր հետ հետագա հանդիպումների ժամանակ Հ. Մ-ն նախ որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, իսկ այնուհետև, նրան իբր Ադրբեջանի բերդերից մեկից Բաքու տեղափոխելու պատրվակով, 2021-ի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 7 000 ԱՄՆ դոլար ու 60 000 դրամ և օգտագործել է անձնական կարիքների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են, որ Հ. Մ-ն ձերբակալվել է և որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել